Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր 7 դրույթներ պարունակող ելույթում հստակ շարադրել է նոր կառավարության տեսակետը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ԿԳ նախարարության շենքի մոտ կրթության ոլորտի աշխատակիցների և «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների համատեղ բողոքի ակցիային։ Արմեն Աշոտյանն ակցիայի ժամանակ շենքից դուրս չի եկել և բողոքողներին չի հանդիպել։
Նա նշել է, որ որքանով ինքը տեղյակ է՝ այն քաղաքացիները, որոնք պահումներ չկատարելու խնդրանքով դիմումներ են գրում, ստանում են ամբողջական աշխատավարձ՝ առանց պահումների։
«Ինչպես գիտեք՝ երեկ ես իմ մեկնաբանությամբ ակցիայի մասնակիցներին հրավիրել եմ ԿԳ-ում քննարկելու ոչ միայն այն խնդիրը, որն իրենց էր մտահոգում, այլ նաև կրթության ոլորտի մի շարք այլ խնդիրներ։ Ես մնում եմ այն կարծիքին, որ փողոցը շատ հարմար տեղ է խնդիրը բարձրաձայնելու, բայց հարմար տեղ չէր խնդիրները քննարկելու համար։ Կարծում եմ, որ հատկապես մանկավարժների հետ հանդիպումները պետք է շատ բովանդակային անցնեն և այդ բովանդակային ակնկալիքով կրկին հրավիրում եմ խնդրո առարկայով մտահոգ մանկավարժներին ԿԳ նախարարություն՝ ինձ հետ հանդիպման», – ասել է նախարարը։
Վերջինս անդրադարձել է նաև երեկվա ակցիայի մասնակիցների՝ «լոգ աութ եղիր Ֆեյսբուքից, իջիր ներքև» պահանջին։ Աշոտյանն ասել է, որ ակցիայի ընթացքում ինքը գտնվել է աշխատավայրում, իսկ Ֆեյսբուքին վերաբերող առաջարկությունը բացառապես որպես կատակ պետք է ընդունել․ «Իրենք իսկ այդ միջավայրում են, իրենք իսկ դրա մասնագետներն են, այդ շարժումը նախաձեռնվել և աշխատում է բացառապես Ֆեյսբուքի տեղեկատվական հարթակների շնորհիվ և հնարավորություններով։ Եթե իրենք դա օգտագործում են, ինչո՞ւ ես չօգտագործեմ»։