Այսօր՝ ժամը 13.30-ի սահմաններում Վերնիսաժի մոտակայքում՝ Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունն այժմ փնտրում է կրակոցներն արձակած անձին կամ անձանց, հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է News.am-ը, վիրավորված քաղաքացիներին վիրահատում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից մեկի վիճակը ծանր է. վնասվածքը որովայնից է եղել: 3 մարդ վիրավորվել է ոտքից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երեքն այս պահին վիրահատվում են, իսկ մյուս երկուսին պատրաստում են վիրահատության:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կայքին հայտնել են, որ վիրավորների անուններն են Հարությունյան Նորայր, Հովհաննիսյան Վալերի, Հայրապետյան Մյասնիկ, Բադալյան Ալբինա, Սուքիասյան Մնացական:
Ալբինա Բադալյանի դուստրը News.am-ին պատմել է, որ կինը, լսելով կրակոցները, անմիջապես պառկել է թոռնիկի վրա՝ իր մարմնով պաշտպանելով երեխային:
«Մայրս պառկել է թոռնիկի վրա, որ հանկարծ երեխան չվիրավորվի: Տեղում է եղել նաև եղբայրս, որը, լսելով կրակոցները, բոլորին հորդորել է պառկել գետնին»,- ասել է նա:
64-ամյա Ալբինա Բադալյանը Վերնիսաժի վաճառականներից է:
Ըստ որոշ տեղեկությունների՝ կրակոցների վայրում հայտնաբերված Porsche Cayenne մակնիշի 80 PP 008 համարանիշի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաները պատկանում են Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին՝ «Յուվեցի Կարոյին»: Պատգամավորը, սակայն, հերքել է այդ փաստը:
«Ես տեղյակ չեմ, որ կրակոցներ են հնչել, ես հիմա Վրաստանից եմ գալիս, իսկ մեքենաներն ինձ չեն պատկանում»,- News.am-ին ասել է նա:
Կայքը նշում է, որ դրանից հետո ԲՀԿ-ական պատգամավորն այլևս հեռախոսազանգերի չի պատասխանել: