«Ղարաբաղը չափազանց գեղեցիկ է, և ես տպավորված էի՝ տեսնելով այդ երիտասարդ մարդկանց։ Բոլորիս պարտքն է անել այնպես, որ այստեղ խաղաղություն լինի, և նոր սերունդն ապրի խաղաղ պայմաններում», – մայիսի 18-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Բերձորի (Լաչին) բնակիչների՝ համանախագահներին բողոքի ակցիայով դիմավորելու փաստին։ Այս մասին ասված է Karabakh-open.info-ի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ շրջանի բնակիչները փակել էին համանախագահների ճանապարհը՝ նրանց դիմավորելով բողոքի ակցիայով։
Ակցիայի ընթացքում ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին համատեղ հայտարարության կապակցությամբ։ Նրանց նաև վրդովեցրել էր Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որի մեջ նշված էին ԼՂ հակամարտության կարգավորման վեց հիմնական սկզբունքները։
«Ինձ համար անակնկալ էր դա, այնուամենայնիվ, ես մեքենայից դուրս եկա, և ունեցանք շատ օգտակար զրույց մասնակիցների հետ», – ասել է Ուորլիքը։
Համանախագահի խոսքով՝ իրենք հարգում են ժողովրդի իրավունքը՝ խաղաղ ձևով ներկայացնելու իրենց պահանջները։ Ամենավատ տարբերակը, ըստ նրա, կլինի պատերազմական գործողությունների, հակամարտության վերսկսումը, ինչը նշանակում է, որ չնայած հնարավոր անհամաձայնություններին, բոլորը պետք է փորձեն ինչ-որ ելք գտնել։
Ինչ վերաբերում է 6 կետերին, ապա Ուորլիքն ասել է, որ դրանք նորություն չեն։
«Այդ մասին խոսել էին նաև նախկինում՝ համանախագահող երկրների նախագահները։ Իհարկե, սա վերջնական տարբերակ չէ, դեռևս պետք է քննարկենք, բայց դրանք կարող են հիմք ծառայել հետագա կարգավորմանը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ժողովրդից այդ ամենը թաքցնելը ճիշտ չէ։
«ԼՂ ժողովուրդն իրավունք ունի և արժանի է, որպեսզի իմանա այդ ամենը և հայտնի իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Եվ կարծում ենք՝ սա անկեղծ երկխոսության հիմքն է», – նշել է Ուորլիքը։