Խմբակային ծեծի մեջ մեղադրվող Գոռ Բարնաուսովը և Արմեն Զառաֆյանը մայիսի 16-ին կայացած նիստին հայտարարել են, որ չեն ընդունում մեղադրանքը։
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը, իրենց վերջին խոսքում մեղադրյալները վերահաստատել են այն ամենը, ինչ ասել են ավելի վաղ։ Նրանք պնդել են, որ 2013 թվականի մարտի 1-ին 3-5 րոպե տարբերությամբ մեկական հարված են հասցրել տուժող Արմեն Պետրոսյանին։ Վերջինս հարբած է եղել, հայհոյել է Բարնաուսովին, ով վիճաբանության մեջ է մտել Պետրոսյանի հետ և մեկ անգամ հարվածել նրան։ Զառաֆյանը հետ է քաշել Բարնաուսովին, սակայն Պետրոսյանը կրկին հայհոյել է, ինչից հետո Զառաֆյանն է վերադարձել և հարվածել Պետրոսյանին:
Տուժողը դատարանում ընդունել է, որ ինքը հայհոյել է, որ հարբած է եղել ու շատ բան չի հիշում։ Պետրոսյանն իր խոսքը դատարանում կասի հաջորդ դատական նիստին։
Ավելի վաղ դեպքի մասին խոսել էր Բարնաուսովի և Զառաֆյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը։ Մանրամասները՝ այստեղ։