Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը պնդում է, թե ուսխորհրդի ուսանողների և թեկնածուների մեջ հանրապետականներ չկան, և իրենք տեղեկություն չունեն, որ նրանք ապագայում դառնալու են հանրապետական, բայց «տիտղոսակիր հանրապետական լինելը պարտադիր չէ հոգով հանրապետական լինելու համար»։ Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփման» ժամանակ ասել է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանի անդամ Լևոն Բարսեղյանը։
«Հիմա հանրապետական լինելը դարձել է Սովետական Միության ժամանակ կոմունիստ լինելու պես մի արտոնություն։ Ամեն մարդ չէ, որ իրավունք էր ստանում կոմունիստ լինել։ Հիմա այնպես չէ, որ զանգվածներով ուզում են հանրապետականացնել բոլորին, կար էդպիսի մի էտապ՝ 2008, 09, 10, 11 թվերին, որպեսզի հերթական խորհրդարանական, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի զորակցությունը լիներ, իսկ հիմա այլ է՝ դու հլը աշխատի, չարչարվի, ապացուցի, որ դու հանրապետական լինելու արժանիքներ ունես», – ասել է Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ ուսխորհրդի նախագահի ընտրությունը տեղի չունեցավ միայն ուսանողների ընդվզման շնորհիվ։
«Այդ նույն Տարոն Մարգարյանի ինքնապաշտպանական ուժերը՝ սաքուլիկները, գառ էին դառել Գյումրիում։ Եթե վիդեոների մեջ նայեք, կտեսնեք, որ խելոք բալիկներ էին դառել նրանք, որոնք ճորթած բերաններով հայհոյում էին երիտասարդ լրագրողներին Երևանում։ Գյումրիում նման վարք դրսևորելն ուղղակի ձեռնամարտի կվերածվեր․ գլուխները կպոկեին վրաներից, եթե հանկարծ բերաններից մի հատ սեռական բնույթի հայհոյանք հնչեր՝ «լավ դե, չեք ուզում ժողովը չենք անում, հետաձգում ենք», տենց։ Հա, ընկեր, չենք ուզում, չես կարող գալ ու Գյումրիում նման տիպի բաներ անել», – ասել է Բարսեղյանը։
Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ
Լուսանկարը՝ asparez.am