ԲՀԿ-ն չի պաշտպանում Կենտրոնական բանկի քաղաքականությունը և նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի վերանշանակման համար կողմ չի քվեարկի: Այս մասին այսօր ԱԺ-ում Ջավադյանի հետ հարցուպատասխանից հետո հայտարարել է խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Քանի ընտանիք է, քանի գյուղատնտեսական տնտեսություն է, որ ընկած է վարկային բեռի տակ և ստիպված է տունը վաճառել և արտագաղթել: Վարկերն ունեն 98 տոկոս վերադարձելիություն»,- նկատել է Զոհրաբյանը` հավելելով, որ այդպիսի կայուն զարգացած բանկային համակարգի դեպքում անտրամաբանական է տնտեսության օրեցօր անկումը:
«Դժվար է չհամաձայնել, որ բանկային համակարգը Հայաստանում աշխատում է վաշխառուական սկզբունքով»,- ասել է Զոհրաբյանը:
Նշենք, որ Արթուր Ջավադյանն այսօր ավելի վաղ իր ելույթում ասել է, որ հետճգնաժամային ժամանակաշրջանում Կենտրոնական բանկը լավ է աշխատել, 2010-2013 թվականներին ավելացել է վարկավորումը, բանկերի ակտիվները երեք անգամ աճել են:
«Մեզ հաջողվեց դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներին: Ոչ մի ֆինանսական կազմակերպություն չկանգնեց անվճարունակության հարցի առաջ, չունեցավ բյուջետային օժանդակության կարիք»,- հայտարարել է Ջավադյանը:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին՝ Ջավադյանն ասել էր, որ Հայաստանի համար համար նման համակարգն անհրաժեշտ էր:
«Առանց նման հեղափոխական բարեփոխումների հնարավոր չի լինի կայուն կենսաթոշակային համակարգ ստեղծել և գեներացնել երկար փողեր»,- ասել է Ջավադյանը: