Երբ են Հովիկ Աբրահամյանը կամ կառավարության այլ անդամները հասցրել կուտակել միլիոնավոր դոլարների հասնող կարողություն։ Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նման հարց է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս խնդրել է բացատրել՝ ինչու մինչ այժմ գործարարությունը տարանջատված չէ քաղաքականությունից։ Փաշինյանը նշել է, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել է 5.5 միլիոն դոլար, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ 6.5 միլիոն դոլար, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարագրել է 6 բնակարան, 1 առանձնատուն, մեկ հողամաս:
«Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին: Ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ: Ես հայտարարագրել եմ: Ես հողագործությամբ եմ զբաղվել, այն ժամանակ, երբ թույլ էր տալիս օրենքը զբաղվել գործունեությամբ: Պետք չի նեգատիվ վերաբերվել գործարարներին: Գործարարների շնորհիվ է, որ այստեղ նստած ենք, իրանց շնորհիվ է, որ թոշակ ենք բարձրացնում: Գործարարներին ներկայացնում են որպես բոբոներ», – ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նիկոլ Փաշինյանը հակադարձելով խնդրել է սովորեցնել՝ ինչպես է, որ հողագործությամբ Հովիկ Աբրահամյանը միլիոններ է կուտակել, մինչդեռ գյուղացիները հողը մշակում են, բայց ընկնում են վարկերի տակ:
«Հարցրեք, ասեմ: Ո՞նց եմ ես լսում պարոն Բագրատյանին, ես չեմ ամաչում հարցնել, եթե ինչ որ մի հարցում գիտելիքները չի հերիքում», – ասել է Հովիկ Աբրահամյանը:
Փաշինյանը նկատել է, որ գործարարներին ինքը դեմ չէ, ինքը խոսում էր այն մասին, որ պաշտոնյաներն են գործարարությամբ զբաղվում:
«Դուք մի ընտանիք չեք պահել, բացի քննադատելուց: Փողոց չի սա, Ազգային ժողով է»,- պատասխանել է Հովիկ Աբրահամյանը:
Փաշինյանը նաև խնդրել է բացատրել, թե ինչ է նշանակում կուտակայինի վերաբերյալ վարչապետի կողմից երեկ հնչեցրած արտահայտությունը՝ «պարտադիր, բայց ոչ պարտադրված»։
Մանրամասները՝ տեսանյութում