Ձևավորվել է մի կառավարություն, որի անդամներից առնվազն 5-ը կարող են հավակնել Հայաստանի ամենահարուստ մարդիկ լինելուն: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ դեռ 2009 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե գործարարությունը պետք է տարանջատել քաղաքականությունից:
Պատգամավորը, սակայն, ընդգծել է, որ, օրինակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հազարավոր հեկտար հողատարածքների, բենզալցակայանների, առանձնատների սեփականատեր է դարձել, իսկ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ տպավորություն է, թե վերջինս անշարժ գույքի գործակալ է եղել:
«Ինչից խոսում ենք, Գագիկ Խաչատրյանի անունն են տալիս՝ «Յուքոմ», «Ապեյրոն», «Մեգասպորտ», «Մեգաավտո» (թվում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող ընկերությունների անունները – խմբ․):
«Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսությունից ա խոսում, բա բացատրեք՝ մարդը 20 տարի է ոլորտում է, եղել է Տարածքային կառավարման նախարար, և մեկ ու երկու միլիոն դոլարի շահույթ է ստացել, իսկ այդ ընթացքում գյուղացիներն ընկել են տոկոսի տակ, տներն են ծախել, խոպան են գնացել: «Յուքոմ»-ը (հեռահաղորդակցման ոլորտում գործող ընկերություն, Հայաստանում խոշորագույն ինտերնետ-մատակարարներից մեկը – խմբ․) հիմնադրվել է, ու ՊԵԿ-ը հանկարծ սկսել է հրաժարվել «Արմենթել»-ի ծառայություններից ու սկսել է «Յուքոմ» քաշել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Խաչատրյանն ասում է, որ այդ բիզնեսներն իրենը չեն, մեկը՝ եղբոր որդուն է պատկանում, մեկը՝ այլ բարեկամի:
«Ու էս ֆոնին Հովիկ Աբրահամյանն ինձ ասում ա՝ դուք դաժե ընտանիք չեք պահում։ Ճիշտ եք ասում, պարոն Աբրահամյան, – Փաշինյանը դիմել է վարչապետին։ – Մոռացաք ասել, որ երբ ես երեք տարի ընդհատակում էի, իմ ընտանիքն էր ինձ պահում: Բա ընտանիք պահողը դուք եք, իհարկե, դուք եք։ Մարդը ձեր նման պետք է ընտանիք պահի, որ ձեր շրջապատի մարդիկ միլպետ լինեն, բիզնես ունենան», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանին ընդհատել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը հայտնի է Շմայս մականվամբ: Մովսիսյանը մատը թափ տալով տեղից սկսել է հակադարձել Փաշինյանին։ Նրա խոսքերը լսելի չեն եղել, իսկ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ասել է․ «Այստեղ բազառ չի, կարգի հրավիրեք»:
Շարունակելով՝ պատգամավորը կառավարության ծրագրից հատված է մեջբերել, որում խոսվում է այն մասին, թե կառավարությունն ազգային բրենդ պիտի մշակի։
«Նման կարիք չկա։ Հայաստանի բրենդը հայտնի է: ՀՀ-ն ունի մեկ ազգային բրենդ, դա կոռուպցիան է», – ասել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ կառավարության ծրագրից ինքը տպավորություն է ստանում, թե «բիզնես ծրագիր են գրել»:
«Կառավարությունը գրում է, որ ձկնարտադրության արտահանման ծավալները պետք է մեծացնել: Մանր-մունր ձկնարտադրողներին էլ արանքից կհանեն, ձկնարտադրությունը կդարձնեն 3 ընտանիքի սեփականությունը՝ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունից: Հովիկ Աբրահամյանն ասում է՝ հող եմ մշակել: Համ հող եք մշակել, համ պետական կառավարմամբ եք զբաղվել: Արդյունքում՝ ունենք 32.5 տոկոս աղքատություն, և ունենք ձեր տնտեսական շահույթները՝ գյուղատնտեսությունից: Ձեզ մոտ պետություն կառավարելը չի ստացվում, պոմիդոր աճեցնելն է ստացվում», – ասել է Փաշինյանը:
Դահլիճում ներկա Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը չհակադարձեցին Փաշինյանին, փոխարենը նրանց պաշտպանեց Էդուարդ Շարմազանովը, ով ելույթ ունեցավ և հորդորեց պատգամավորներին «պլինտուսից բարձր լինել»: