Այսօր «Անի» հյուրանոցում ընթացող Սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրային լսումների ժամանակ քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանն (սոցիալական ցանցերում հայտնի է որպես Նավակ Ճոճողը) ակցիա է անցկացրել։ Նա մոտեցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի սեղանին, հանել է Հ․ Թովմասյան գրությամբ թուղթը և նոր ցուցանակ է փակցրել, որի վերևի տողում գրված է եղել «Ղալաթ եմ անում» և ներքևի տողում «Չաթլախ»։
Թովմասյանը ճմրթել է ցուցանակը և վերականգնել նախկինը։ Տեսանյութում երևում է, որ այդ ընթացքում Հրայր Թովմասյանը սեռական բնույթի հայհոյանք է հղում ակտիվիստի հասցեին։
Տեսանյութը YouTube-ում տարածել է Arman Yaralyan օգտատերը։
Epress.am-ի հետ զրույցում Գաբրիելյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ խոստանալով ակցիայի նպատակի և նախկին նախարարի պահվածքի մասին ավելի ուշ պարզաբանմամբ հանդես գալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ազգային ժողովում ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե «թող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չնեղանա, եթե ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն իրեն ասեն` «Ղալաթ ես անում, չաթլախ»։
Նա հիշեցրել էր, որ Թովմասյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում 4 խմբակցությունների մտադրությանը անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը, ասել էր․ «Ղալաթ են անում»։
Ռուստամյանի խոսքով՝ նախարարը ոչ միայն ներողություն չի խնդրել իր խոսքերի համար, ինչն անթույլատրելի է, այլ ասել է, որ արաբերեն «ղալաթ» նշանակում է սխալ։
«Փոխանակ ասի՝ սայթաքել եմ, սխալ եմ արել, ներողություն, ավելի ա խորացնում հարցը։ Եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում, եթե բառարաններով պետք է որոշենք՝ ով ինչ ա ասում, ուրեմն մենք էլ ենք էդ բառերին տիրապետում։ Եթե օրինակի համար ասենք․ «Ղալաթ ես անում, չաթլախ», չնեղանա», – ասել է Ռուստամյանը, որի բառերից հետո խոսափողն անջատել են ու նա չի հասցրել բացատրել, թե ինչ նկատի ուներ այդ արտահայտությունն անելով։
Հետագայում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Ստեփան Մալխասյանի բացատրական բառարանում գրված է, որ «չաթլախ» բառը նշանակում է «ճաք տված»։