հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հանրայինը, Միքայել Մինասյանի կայսրությունն ու նախարարի որդին․ զրույց ԱԺ-ում

Հանրայինը, Միքայել Մինասյանի կայսրությունն ու նախարարի որդին․ զրույց ԱԺ-ում

ՀԱԿ խմբակցությունը գիտակցում է, որ Հանրային հեռուստատեսությունը ամբողջությամբ պետական դոտացիայի վրա թողնելու ծրագիրը նախագծված է, որպեսզի գովազդային շուկայում առկա գումարներն ուղղվեն Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի գովազդահեռուստատեսային կայսրության սնուցմանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Վերջինս ընդգծել է, որ այսօր Հայաստանում գովազդատուները հրաժարվում են ուղիղ պայմանագրեր կնքել հեռուստաընկերությունների հետ և որպես միջնորդ հանդես է գալիս «Մեդիա ինթերնեյշնլ սերվիս» ընկերությունը, որը պատկանում է Միքայել Մինասյանին։

«Անկախ փորձագետների գնահատականներով, Միքայել Մինասյանը տիրացել է հեռուստատեսության ողջ գովազդային շուկայի 75-80 տոկոսին: Քանի որ գովազդատուները հրաժարվում են ուղղակի աշխատել հեռուստաընկերությունների հետ և իրենց գործարքները կատարում են Հայաստանի միակ սեյլս հաուզի միջոցով, մոնոպոլիզացման աստիճանը հաստատուն տեմպերով աճում է: Խնդրում ենք պատասխանել, թե արդյոք ինչ է անում Կառավարությունը, անընդունելի այս մենաշնորհը վերացնելու նպատակով», – հարցրեց պատգամավորը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին և հայտարարել է, թե Լևոն Զուրաբյանը քաղաքական հայտարարություն է անում, այլ ոչ թե հարց տալիս, ու դրա համար կարող էր մամուլի ասուլիս հրավիրել։

«Երբ որ ուզում եք ինչ-որ անուններ տալ, ինչ եք ուզում ասել դրանով։ Ուզում եք ասել՝ էդքան ուժեղ ենք, չենք վախենում էդ անունները տա՞լ», – ասել է Թովմասյանը։

Նա հայտարարել է, որ «պետք ա կրկնվել»՝ ինչու է Հանրային հեռուստաընկերությամբ արգելվում առևտրային գովազդը։

«Որպեսզի երբ ես իմ 10 տարեկան երեխայի հետ նայում են Հանրային հեռուստատեսություն, ու ընդհանրապես հեռուստատեսություն, նրա հարցերից ես չկարկամեմ, կարողանամ նրա հարցերին պատասխանել։ Ես առնվազն որպես պետություն ուզում եմ, որ Հանրային հեռուստատեսությունն էդպիսին լինի», – ասել է նախարարը։

Թովմասյանի կարծիքով՝ Հանրային հեռուստատեսությունը կոմերցիոն գովազդի առկայության դեպքում ստիպված է լինելու մրցակցության մեջ մտնել, բոյեվիկներ ու սերիալներ բերել, որը, նախարարի խոսքով, ինքը չի ուզում։

Լևոն Զուրաբյանը, իր հերթին, ասել է, որ երբ կառավարությունը պատասխան չի ունենում, ապա պատասխանելու է ուղարկում Հրայր Թովմասյանին։

«Նա, կարծես, չի կարողանում ընկալել դրված հարցերի էությունը և չի կարողանում պատասխանել դրված հարցադրումներից որևէ մեկին։ Ես Հանրայինի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Միքայել Մինասյանի հեռուստատեսային կայսրության մասին» , – հայտարարել է Զուրաբյանը։

Նա շարունակել է խոսել Միքայել Մինասյանի կողմից մեդիա դաշտում ստեղծած մենաշնորհների մասին՝ ընդգծելով, որ հեռուստատեսային վարկանիշներ չափող երկու ընկերություններից մեկը՝ «Ջի Էֆ Քեյ մեդիա քոնտրոլը»-ը կլանվել է Մինասյանի կողմից, իսկ մյուսը՝ «Էյ Ջի Բի Նիլսեն»-ը դուրս է մղվել Հայաստանի շուկայից։

«Սա արվել է նրա համար, որպեսզի հաստատվի վերահսկողություն գովազդային շուկայի նկատմամբ», – ասել է Զուրաբյանը։

Նա արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի փեսան, օգտագործելով կապերը երկրի գործող նախագահի հետ, հաստատել է շուկայում 80 տոկոսանոց մենաշնորհ, և ունեցած լծակները ռեժիմի կողմից օգտագործվում են գովազդատուներին և ԶԼՄ-ներին ճնշելու համար։

Թովմասյանը, հերթական անգամ, ըստ էության չի պատասխանել՝ հայտարարելով, որ երբ «ասելու ոչինչ չեք ունենում, թուղթ եք վերցնում ու փորձում եք էստեղ նախագահի անուն տալ»։

«Եթե չեք հասկանում, որ պետական մրցակցությունից եք խոսում, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով կա։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող եք դիմել տնտեսական մրցակցության հանձնաժողովին։ Հիմա էս հարցը որ տալիս եք, կառավարության ո՞ր լիազորության շրջանակներում եք պատասխան ակնկալում», – ասել է Թովմասյանը։