Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորն Ադրբեջանի ղեկավարությանն է փոխանցել քաղբանտարկյալների ցուցակը, որն իրեն են տրամադրել տեղի իրավապաշտպանները։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Contact.az կայքը։
«Մենք նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև խորհրդարանի ղեկավար Օքթայ Ասադովին ներկայացրել ենք ցուցակ, որում կան մարդիկ, ովքեր ցանկանում ենք՝ ազատ արձակվեն»,- ասել է Բրասյորը։
Նա նաև գոհունակություն է հայտնել, որ իրավապաշտպաններին հաջողվել է համաձայնության գալ միասնական ցուցակի շուրջ։
ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ դեռևս մի քանի շաբաթ առաջ դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ հանդիպել «ՌԵԱԼ» շարժման ձերբակալված առաջնորդ Իլգար Մամեդովին։
Նա նշել է, որ դեռևս նման թույլտվություն չի ստացել։ Միևնույն ժամանակ, Բրասյորն ասել է, որ եթե Մամեդովին ազատ չարձակեն, ինքը ևս մեկ անգամ կգա Ադրբեջան։
Անն Բրասյորի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Մամեդովի գործով։ Նա հույս է հայտնել, որ Մամեդովին ազատություն կշնորհվի։
Նշենք, որ երեկ՝ մայիսի 22-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Ադրբեջանի դատարանները խախտել են Իլգար Մամեդովի իրավունքները՝ նախատեսված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5․1 և 5․4 (ազատության իրավունքը), 6․2 (անմեղության կանխավարկածը) և 18 (ազատության անհիմն սահմանափակումը) հոդվածներով։ Դատարանն Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է Մամեդովին 22 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել։