Home / Տեսանյութեր / «ՌԴ-ում մոռանում են հանել ֆիլտրը»․ ինչու են Հայաստանում որոշ կայքեր արգելափակվում

«ՌԴ-ում մոռանում են հանել ֆիլտրը»․ ինչու են Հայաստանում որոշ կայքեր արգելափակվում

Վերջին օրերին սոցիալական ցանցերում մեծ աղմուկ էր առաջացրել «Ռոստելեկոմ» ընկերության ինտերնետային կապի օգտատերերից մեկի՝ Երվանդ Աղաբաբյանի կողմից հայտնաբերված այն փաստը, որ որոշ կայքեր Հայաստանում անհասանելի են, քանի որ դրանց բովանդակությունը հակասում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը։

Քննարկումների մասնակիցներին մտահոգում էր, որ պրովայդերը չի հարգում Հայաստանի օրենսդրությունը, և, ըստ էության, գրաքննություն է իրականացնում իր սպառողներին կապ տալուց, այն էլ՝ հիմնվելով երկրորդ երկրի օրենսդրության վրա։

Ըստ Աղաբաբյանի՝ «Ռոստելեկոմ»-ի կապի միջոցով անհասանելի էր, օրինակ, http://www.spigotmc.org/ կայքը, որը հասանելի էր, սակայն, այլ պրովայդերներից օգտվող հայաստանցի սպառողին։ Օգտատերը նաև տեղադրել էր արգելափակված կայքի սքրինշոթը, որը չէր բացվում նաև «Վիվասելի» կապով։

1screenshot

Epress.am-ն այս հարցի առնչությամբ դիմել է «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան գրասենյակ, որտեղից մեզ պատասխանեցին, թե նման խնդիր չկա և որ իրենք հետևում են ՀՀ օրենսդրությանը։

«Համաձայն ՌԴ օրենսդրության՝ որոշ կայքեր (հիմնականում մանկապղծության, տեռորիստական և նմանատիպ բնույթի) արգելափակվում են ՌԴ օպերատորների կողմից ՌԴ տարածքում իրենց օգտատերերի համար:

Ռուսաստանյան ROSTELECOM ընկերության կողմից ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ և այլ հայաստանյան օպերատորներին մատակարարվող ինտերնետ հասանելիության ծառայության մեջ տվյալ կայքերը չեն արգելափակվում:

Ի գիտություն սպառողների՝ ասենք նաև, որ կան կայքեր, որոնք ֆիզիկապես տեղակայված են ՌԴ տարածքում, պարունակում են արգելված բովանդակություն և արգելափակված են բոլոր երկրների ինտերնետ օգտատերերի համար՝ անկախ կապուղու պատկանելությունից»,- նշված էր ուղարկված պատասխանի մեջ։

Մենք կրկին կապվեցինք ընկերության հետ՝ նշելով այն կայքի անունը, որն արգելափակված է եղել Հայաստանի տարածքում։ Ավելի ուշ «Ռոստելեկոմ»-ից զանգահարել են և հայտնել, որ նման սխալ իրոք տեղի է ունեցել։

«Ուղղակի որոշ կայքեր փակվում են Ռուսաստանում, և մեզ Ռուսաստանից ինտերնետ տալիս մեր գործընկերները հաճախ մոռանում են այդ ֆիլտրը հանել Հայաստանի ինտերնետի դեպքում։ էլի են եղել դեպքեր, երբ նման սխալ տեղի ունեցել է։ Նման դեպքերում, այս անգամ էլ, մենք զանգել ենք մեր ռուս գործընկերներին և արգելքը հանվել է, այժմ կարող եք ստուգել և մեր կապով կարող եք մտնել տվյալ կայքը»,- ասել է ընկերության հանրային կապերի բաժնից Սիրանույշ Գյուրջինյանը։