Կիրակի՝ մայիսի 25-ին, Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց տագնապի ազդանշանի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Ուղևորների թվում էր նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այս մասին տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, արտակարգ վայրէջքի պատճառը բեռնախցիկում ծխի առկայությունն էր։ Ռուսաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
«Այսօր՝ ժամը 11:23-ին, «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից թռիչք է կատարել դեպի Երևան: 40 րոպե անց աշխատել է տագնապի ազդանշանը՝ վկայելով բեռնախցիկում ծխի առկայության մասին»,- «Ինտերֆաքսին» հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը:
Նա նշել է, որ օդանավի աշխատակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան․ 161 ուղևորներից և անձնակազմի 8 անդամներից որևէ մեկը չի տուժել: