Կոմիտաս 5 հասցեում շինության կառուցման դեմ բողոքող հարակից շենքի բնակիչները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հույս հայտնելով, որ վերջինս լուծում կտա իրենց խնդրին։
«Ձեզ ենք դիմում Երևանի Կոմիտաս 5ա շենքի` շուրջ չորս տարի պետական զանազան բարձր պաշտոններ զբաղեցրած և զբաղեցնող այրերի առանձնասենյակների դռները ծեծող հուսախաբ բնակիչները: Լսելով Ձեր ելույթները ժողովրդի հետ հանդիպումներում՝ ԱԺ –ում, ՀՀԿ համագումարում, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չեք թողնելու, հույս ծագեց, թե Ձեր միջամտությամբ ի վերջո կլուծվի մեր խնդիրը:
Տեղեկացնում ենք, որ 2011թ–ից մինչև օրս մեր հոգսերն ու իրական անելիքը թողած դատական (այժմ էլ 4 հայցերով վարչական ու քաղաքացիական դատարանների դռներն ենք դեռ չափչփում) ու վարչական ատյաններում պայքարում ենք (ինչի մասին քաջատեղյակ է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը) Կոմիտաս 5 հասցեի ապօրինի շինարարության դեմ: Սակայն ոստիկանության բռնություններով և սեփական ժողովրդից կառուցապատողին «պաշտպանելու» մեր ոստիկանների տխրահռչակ գործողություններով սկսված այդ շինարարությունն իրականացվում է առանց այն էլ ՀՀ գործող շինարարական, տեխնիկական ու այլ նորմերի կոպիտ խախտումներով կազմված ու 01.11.2013 թ-ին հաստատված 01/18-2-45526-0004 նախագծի ցուցանիշերի, մասնավորապես սահմանված չափերի խախտմամբ: Կառուցապատողը բոլոր կողմերից ընդլայնել է շենքը` խախտելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և մի շարք այլ պատկան մարմինների պահանջներն ու նախագծով սահմանված հեռավորությունները և մեր շենքը բոլոր կողմերից զրկել շտապ օգնության, հակահրդեհային անվտանգության և էվակուացիոն ճանապարհներից, նաև կանաչ տարածքից` ապօրինի կտրելով շուրջ 2 տասնյակ ծառեր:
Ցավալի է, բայց փաստ, որ անգամ դատարկվող Հայաստանի պարագայում, ինչպես Դուք նշեցիք ԱԺ-ում․ «Էլ ինչ երկիր առանց ժողովրդի», մեր երկրի որոշ ղեկավարներ գերակա են համարում նորանոր եկամուտների մարմաջով տարված և ոչ միայն Հայաստանում, այլ ուրիշ երկրներում առանձնատներ ու բնակարաններ ունեցող մի ներդրողի շահը` արհամարհելով շուրջ 150 բնակարանի բնակիչների օրինական իրավունքները:
Հարգարժան վարչապետ, խնդրում ենք Ձեր համապատասխան միջամտությունը կանխելու Կոմիտաս 5 հասցեում իրականացվող ապօրինի և հրդեհի ու այլ արտակարգ իրավիճակների պայմաններում աղետալի հետևանքներով հղի շինարարությունը», – ասված է բաց նամակի մեջ։
Դիմելով վարչապետին՝ բնակիչները հույս են հայտնում, որ խաբված չեն մնա։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Կոմիտաս 5-ի հարակից շենքերի բնակիչներն իրենց աջակցող ակտիվիստների հետ մի քանի բողոքի ակցիա են անցկացրել, որոնք, սակայն, արդյունք չեն տվել՝ շենքը շարունակում է կառուցվել։