Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով նիստին դատավոր Լևոն Ավետիսյանը մերժել է փաստաբան Արա Զաքարյանի ներկայացրած բացարկի միջնորդությունը։
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը նշել է, որ դատավորի գործողությունների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում Արդարադատության խորհուրդ դիմելու համար, քանի որ, ըստ Զաքարյանի, իր պաշտպանյալին կալանքի տակ պահելը կատարվել է դատավորի անօրինական ու կամայական որոշմամբ։
«Հարգելի դատավոր, չեմ պատրաստվում ենթարկվել ձեր անօրինական կարգադրություններին, ուստի, եթե ցանկանում եք, կարող եք արածներիս համար դիմել Փաստաբանների պալատ, ու համոզված եմ, որ պալատն ինձ կարդարացնի», – նշել է Զաքարյանը։
Ավելի ուշ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, իսկ այդ ընթացքում դահլիճում հավաքված ազատամարտիկները, Ավետիսյանի համակիրներն ու ընկերները մի քանի հայրենասիրական երգեր են երգել դահլիճում, վանկարկել «ազատություն»։
Մոտ 1 ժամ 20 րոպե անց խորհրդարանական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտարարել է, թե նիստը հետաձգում է, ինչին ի պատասխան դահլիճում հավաքվածները սուլել են ու բղավել՝ «խցում դու չես նստած, դրա համար էլ օր ես երկարացնում»։
Նշենք, որ այսօր դատարանի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները որոշել էին փակել Ավետիսյանին տեղափոխող մեքենայի ճանապարհը, սակայն ավելի ուշ փաստաբան Զաքարյանի հորդորով հրաժարվել են դա անել՝ նշելով, թե ամիսներ շարունակ համբերել են, մի քանի օր էլ կհամբերեն։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 6-ին, ժամը 14։30-ին։
Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է 2000 դոլար կաշառք վերցնելու մեջ։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ համարում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։