Քաղաքացի Հենրիկ Զաքարյանը պնդում է, որ 2000 դոլար կաշառք է տվել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանիին (լուսանկարում)՝ թոռանը «մոտիկ տեղ գցելու համար»: Այս մասին Զաքարյանն ասել է Ավետիսյանի գործով այսօր կայացած դատական նիստին։
Զաքարյանի այդ հայտարարությունից հետո դահլիճում գտնվող, Ավետիսյանին սատարող ազատամարտիկները նրան հայհոյել են, պետական դավաճան անվանել՝ բղավելով՝ «ինչի՞ չես ասում, որ քեզ ճնշել են» և «ո՞նց ես Լեննական հետ գնալու, յուբկո՞վ»:
Դատարանը հեռացրել է աղմկողներին, իսկ վկան բացատրել է, որ թոռանը ցանկանում էին մոտ տեղ տեղավորել, քանի որ նա հոգեկան խնդիրներ, ինչպես նաև հիշողության կորուստ ունի:
Հիշեցնենք, որ Զաքարյանի թոռը Հենրիկ Հաբոյանն է, ով ևս որպես վկա է անցնում և նախորդ նիստին դատարանում հայտնել էր, որ չի հիշում՝ ցուցմունք տվել է, թե ոչ:
Զաքարյանը նաև ասել է, որ իրեն կանչել են ոստիկանություն ցուցմունք տալու՝ ասելով, որ պարգևատրելու են: «Ես ցուցմունք չէի տա, եթե իմ դեմ ձայնագրություն չլիներ»,- դատարանում հայտարարել է Զաքարյանը։ Ինչևէ, նիստի ընթացքում այդպես էլ հայտնի չի դարձել՝ ինչ ձայնագրության մասին է խոսքը:
«Ես ձեզանից շատ կուզեմ, որ Վոլոդյա Ավետիսյանին ազատեն: Ոչ մի պահանջ չունեմ նրանից»,- ավելացրել է վկան:
Պաշտպանական և մեղադրական կողմի հարցերից հետո պարզ է դարձել, որ վկա Հենրիկ Զաքարյանին ոստիկանությունում պահել են երկար, չեն տեղեկացրել իր իրավունքների մասին: Վկան և իր թոռը՝ Հենրիկ Հաբոյանը, ստիպված են եղել գիշերել ոստիկանությունում:
Պարզ չի դարձել նաև՝ արդյոք վկային ուժով են պահել, թե նա ինքը ցանկություն է հայտնել մնալ, քանի որ դատարանում Զաքարյանը հակասական ցուցմունքներ է տվել:
«Ինձ բաց թողեցին, ես էլ չգնացի՞», – հռետորական հարց է հնչեցրել Զաքարյանը։ Հետագայում, սակայն, նա ասել է, որ Երևանում տեղ չուներ մնալու, այդ պատճառով էլ գիշերել է ոստիկանությունում:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստին Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդել էր, որպեսզի դատավորը ինքնաբացարկ հայտնի, քանի որ նախորդ դատական նիստին դատավորը բավարարել էր վկա Հենրիկ Հաբոյանի նախաքննական ցուցմունքները հրապարակելու մասին դատախազի միջնորդությունը։ Վկան դատական նիստին հայտարարել էր, թե չի հիշում, թե արդյոք հանդիպել է քննիչին՝ ցուցմունք տալու համար, թե ոչ։ Զաքարյանը նշել է, որ նախագահողը նույն միջնորդությունը նախ մերժել է, ապա՝ բավարարել, մինչդեռ հանգամանքները չեն փոխվել։ Փաստաբանն ընդգծել է, որ վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակելու իրավունք կա միայն երկու դեպքում․ եթե վկան չի կարող այցելել դատարան, կամ այն դեպքում, երբ դատարանում տված ցուցմունքն էապես տարբերվում է նախաքննական ցուցմունքից։
Փաստաբանի միջնորդությունը, սակայն, մերժվել է։