Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր դատարանում միջնորդել է, որպեսզի դատավորը ինքնաբացարկ հայտնի։ Զաքարյանը նշել է, որ նախագահողի անաչառությունը կասկածելի է, քանի որ վերջինս օրենքի դեմ որոշում է կայացրել՝ Վոլոդյա Ավետիսյանի դեմ փաստարկներ ձեռք բերելու համար։
Խնդիրն այն է, որ նախորդ դատական նիստին դատավորը բավարարել էր վկա Հենրիկ Հաբոյանի նախաքննական ցուցմունքները հրապարակելու մասին դատախազի միջնորդությունը։ Վկան դատական նիստին հայտարարել էր, թե չի հիշում, թե արդյոք հանդիպել է քննիչին՝ ցուցմունք տալու համար, թե ոչ։ Զաքարյանը նշել է, որ նախագահողը նույն միջնորդությունը նախ մերժել է, ապա՝ բավարարել, մինչդեռ հանգամանքները չեն փոխվել։ Փաստաբանն ընդգծել է, որ վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակելու իրավունք կա միայն երկու դեպքում․ եթե վկան չի կարող այցելել դատարան, կամ այն դեպքում, երբ դատարանում տված ցուցմունքն էապես տարբերվում է նախաքննական ցուցմունքից։
Դատավորը՝ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, մերժեց միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ համարում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։
Այսօր նրան աջակցում են մարտական ընկերներն ու համախոհները, ովքեր դատարանի դահլիճ են եկել «Ես հայ եմ, Ռեժիմ, սպանիր ինձ» գրությամբ շապիկներով։