Սերժ Սարգսյանը 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան է հրավիրել Թուրքիայի նախագահին։ Այս մասին նա ասել է այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ։
«Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տասնամյակներ շարունակ պարզ, հասկանալի ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունների դեմ թուրքական պետության պաշտոնական դիրքորոշումը վերջնականապես ձախողվել է՝ առաջացնելով բազում հարցեր պաշտոնական դիրքորոշման նկատմամբ թերահավատ թուրք երիտասարդության շրջանում, և այդ շարքերն օրեցօր ստվարանում են. հազարավոր թուրքեր պահանջում են սեփական կառավարությունից ճշմարտության բացահայտում և արդարություն: Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ են կոչերն ուղղված ժամանակակից Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնելու անհեռանկարային ժխտողական քաղաքականությանը: Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն:
Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- մասնավորապես, ասել է Սարգսյանը: