Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք բարեփոխումների հայրերից մեկը, նախկին նախարար, գործարար Կախա Բենդուկիձեն նշանակվել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնում։ Georgia Online-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը Բենդուկիձեն հաստատել է «Ռուստավի-2» հեռուստաալիքի եթերում։ Ուկրաինայի նախագահի խորհրդականն ունի ազատական տնտեսական և քաղաքական հայացքներ։ Բենդուկիձեի մոտեցումները հաճախ արտացոլում են իր իսկ արտահայտությունը՝ «Պետք է վաճառել ամեն ինչ, բացի խղճից»։
Կախա Բենդուկիձեն արդեն մասնակցել է խորհրդատուների խորհրդի առաջին նիստին, որին մասնակցել են նաև կանադացի և ամերիկացի խորհրդականներ: Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի եթերում նա, մասնավորապես, ասել է․ «Մայդանում տեղի ունեցած հիանալի հեղափոխությունը խոսում է այն մասին, որ ուկրաինացիները չեն ցանկանում այսպես ապրել։ Այս տարվա ընթացքում մի շարք հարցեր պետք է լուծվեն։ Դա վերաբերում է էներգետիկ սուբսիդիաներին, տնտեսական կյանքի կարգավորմանը, քանի որ դուք չեք կարողանա հաղթահարել ոչ կոռուպցիան, ոչ էլ տնտեսության ճգնաժամային իրավիճակը, որն այսօր տիրում է Ուկրաինայում»։
Բենդուկիձեն նախկինում զբաղվել է գործարարությամբ Ռուսաստանում, հիմնել է ՕՄԶ-Ուրալմաշ/Իժորա հոլդինգը։ «Վարդերի հեղափոխությունից» հետո՝ Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով գործարարը միացել է երկրի կառավարությանը։
Այն մասին, որ նախկին նախարարը կարող էր միանալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմին, հայտնել էր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն։ Նա նաև հայտնել էր, որ խորհրդականի իր ծառայություններն էր առաջարկել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Վրաստանի ներկայիս կառավարությունը Պորոշենկոյին խորհուրդ է տվել Սաակաշվիլիի հետ գործ չունենալ։ Ինքը՝ Սաակաշվիլին, ով պաշտոնանկությունից հետո տեղափոխվել է ԱՄՆ, հայտարարել է, որ չի պատրաստվում ձևական պաշտոններ զբաղեցնել։ Նա, սակայն, նշել է, որ վրացական կողմն Ուկրաինային օգնություն արդեն ցուցաբերում է։ «Մեր թիմը, տասնյակ փորձառու բարեփոխիչներ արդեն աշխատում են Կիևում և Ուկրաինայի մյուս քաղաքներում»,- հայտնել է Սաակաշվիլին։