Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ստեղծվող Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Ելույթ ունենալով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցող Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ՝ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ համապատասխան փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է։ «Խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը»,- ասել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ երկու-երեք օրը բավարար է մնացած հարցերով փոխընդունելի որոշումներ գտնելու համար։
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել Աստանայում այսօր տեղի ունեցող գագաթաժողովից հետո։ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներից բացի, բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ղրղզստանի նախագահները։