«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ընկերությունը չարաշահել է իր մենաշնորհային դիրքը՝ սահմանափակելով ազատ մրցակցությունը, որի համար այսօր Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից տուգանվել է 10 միլիոն դրամի չափով։
Ինչպես նշված է Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, ՏՄՊՊՀ-ին դիմել է «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն՝ տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների մասին:
«Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ ՀՀ-ում «.am» տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման ծառայությունները իրականացնում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն այս ոլորտում ունի մենաշնորհային դիրք:
Վերոնշյալ ընկերությունը կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոցով: Տպավորություն է ստեղծվել, որ դաշտում առկա է ազատ մրցակցություն, քանի որ գործում են տասնյակ ընկերություններ: Սակայն, ուսումնասիրությունները պարզել են, որ միջնորդներից մեկը՝ «ԷյԲիՍիԴոմենը» տնօրինում է շուկայի ավելի քան 70%-ը: Պարզվել է նաև, որ այս ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ: Փաստացի, կենտրոնը ստեղծել է այս ընկերությունը՝ երկրորդային, կամ այլ կերպ ասած՝ միջնորդների շուկան վերահսկելու նպատակով:
Շուկայի մնացած 30%-ը տնօրինվել է մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք սակայն հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:
Բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազար դրամ, որը ամբողջությամբ վճարել են «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»: Վերջինը իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ այլ կերպ ասած՝ հետ է վերադարձրել 6 հազար դրամը՝ այսպիսով վերահսկելով վերջինների գործունեությունը: Ստացվում է, որ միջնորդները պարտադրված են եղել սպառողներից գանձել հենց 12 հազար դրամ, որից իրենց բաժին է հասել միայն 6 հազարը. մինչդեռ եթե կենտրոնի կողմից նման քաղաքականություն չիրականացվեր, հնարավոր էր սպառողներին ավելի մատչելի գին առաջարկել», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այսօր «.am» տիրույթում գործում է շուրջ 23 հազար կայք, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 12 հազար դրամ է վճարում «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»: Դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ ․am տիրույթում կայք գնողները վճարում են տարեկան մոտ 276 միլիոն դրամ։