Ադրբեջանում ավելի քան մեկ ամիս գերության մեջ անցկացրած 23-ամյա Արսեն Խոջոյանը երեկ՝ հունիսի 2-ին, հետազոտվել է Հրազդանի բժշկական կենտրոնում։ Նա գանգատվում էր թուլությունից, հոդացավերից, հարազատների փոխանցմամբ՝ քնի խանգարումներ ուներ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ծաղիկ Վարդանյանի խոսքերով՝ մի շարք հետազոտությունների արդյունքում որևէ վտանգավոր բան չի հայտնաբերվել, և օրգանիզմի թունավորման երևույթներ չկան։
«Այդ բոլոր հետազոտություններից, բժիշկների ուսումնասիրություններից գալիս ենք այն եզրակացության, որ Խոջոյանը մեզ ճիշտ է ասում՝ իրեն ոչ մի բան չեն ներարկել»,- նշել է Վարդանյանը։
Փաստորեն, ըստ էության, հերքվում են մամուլի այն տեղեկությունները, որ նրան նավթ կամ այլ թունավոր նյութեր են ներարկվել: Ինքը՝ Արսեն Խոջոյանը, ևս հերքում է դա: Բժիշկների պնդմամբ, եթե օրգանիզմում թունավոր որևէ նյութ լիներ, ապա արդեն ախտահարված կլինեին երիտասարդի ներքին օրգանները։
Ինչ վերաբերում է Խոջոյանի գանգատներին, ապա բժիշկների պնդմամբ, հոդացավը անգինայի, սթրեսի և նյարդային գերլարվածության հետևանք է: Որպես հետևանք նաև փսորիազ հիվանդությունն է նրա մոտ գլուխ բարձրացրել:
Թուլությունը բժիշկները կապում են նաև այն բանի հետ, որ Արսենի ընտանիքը շատ վատ սոցիալական վիճակում է գտնվում՝ ընտանիքի 9 անդամները՝ հայրը, մայրը և 7 երեխաները փաստորեն բավարար սնունդ չեն ստանում: Այսօր նրան դեղեր են նշանակվել անգինայի դեմ և նյարդային գերլարված վիճակը շտկելու համար:
«Հիվանդը անվճար ստացել է անհրաժեշտ դողորայքը, և հունիսի 10-ին նշանակվել է կրկնակի խորհրդատվություն»,- փոխանցեց առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը ադրբեջանական կողմում էր հայտնվել այս տարվա մարտի 7-ին և Հայաստան էր տեղափոխվել ապրիլի սկզբին:
Հիշեցնենք, Արսեն Խոջոյանը նույն գյուղի բնակիչ, այս տարվա հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է։ Ծերունին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո մարտի 4-ին վերադարձվեց Հայաստան՝ խոշտանգված վիճակում և վերջերս մահացավ: Նրա մահվան պատճառը դեռ պարզված չէ: