Մինչ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը նախագահական նստավայրում հանդիպում էր Սերժ Սարգսյանի հետ, մի խումբ քաղաքացիներ սպասում էին նրան դիմացի մայթին՝ շնորհակալական նամակ հանձնելու համար:
Քաղաքացիները նշում էին, որ Շվեյցարիայի նախագահը միակն էր, ով պատասխանել էր ՀՀ քաղաքացիների նամակին, որում վերջիններս իրենց մտահոգությունն էին հայտնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության կապակցությամբ:
«Նա պատասխանել էր, որ քանի որ Շվեյցարիան հանդիսանում է հետապնդումների զոհ դարձած մարդկանց սատարող երկրներից մեկը, իրենք հետևում են նաև Շանթ Հարությունյանի և մյուսների գործերին: Եվ հնարավոր ամեն ինչ անում են: Դիվանագիտական պատասխան էր, բայց համենայն դեպս, պատասխան էր»,- ասել է ակցիայի մասնակից Ֆելիքս Հայրապետյանը:
Քանի որ քաղաքացիներին թույլ չեն տվել մոտենալ նախագահին, նրանք որոշել են պաստառներով ցույց տալ իրենց մտահոգությունը և նամակ հանձնել նախագահին ուղեկցող պատվիրակության հետ եկած լրագրողներից մեկին, որպեսզի նա փոխանցի Բուրկհալտերին: Նախագահական նստավայրի մոտ կանգնած ոստիկանները, սակայն, խորհուրդ են տվել նամակները հանձնել Սերժ Սարգսյանի ընդունարան։ Ֆելիքս Հայրապետյանը նշել է, որ կասկածում է, թե նամակն այդ ճանապարհով կհասնի հասցեատիրոջը:
Շնորհակալական նամակում, մասնավորապես, ասված էր․ «Մենք ցանկանում ենք տեղյակ պահել ձեզ, որ չնայած մեր նամակներին, Հայաստանի իշխանությունները արհամարհում եմ քաղբանտարկյալների հարցը, ոտնահարում են նրանց հիմնարար ազատությունները, արտահայտման իրավունքը, արժանապատվությունը: Ավելին՝ հետապնդումներ են սկսել նաև Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի դեմ: Նրա հանդեպ մեղադրանք է առաջադրվել՝ հոր վրա ճնշում գործադրելու համար: Չնայած հարցը ուղղակիորեն ձեզ չի վերաբերում, և Հայաստանը մի փշուր է միջազգային ասպարեզում, մենք ձեզ ենք գրում, քանի որ քիչ քաղաքական գործիչներից եք, ով համաձակվում է ձայն բարձրացնել»։