ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թորգոմ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն։
Կալանավորի հաղորդման համաձայն, 2014թ. մայիսի 6-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայում իր մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցները հրահրել են անհիմն վիճաբանություն, որի ընթացքում իր նկատմամբ կիրառել են բռնություն։ Կալանավորը պատմել է, որ ոստիկանները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ)։