հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ցեղասպանությունը վերապրած որոշ հայեր հումորի չեն դիմանում

Ցեղասպանությունը վերապրած որոշ հայեր հումորի չեն դիմանում

Ամերիկյան Գլենդել քաղաքի հայկական համայնքն արշավ է սկսել ԱՄՆ-ում հեռարձակվող «USArmenia TV» կաբելային հեռուստաալիքի կողմից նկարահանվող նոր ռեալիթի շոուի դեմ: Արշավի մասնակիցները պնդում են, որ հայերը ԱՄՆ-ում չեն ապրում այնպես, ինչպես ցույց է տրվում «Գլենդելյան կյանք» (Glendale Life) կոչվող ռեալիթի շոուում:

Այն միայն եկող ամիս է ցուցադրվելու կաբելային հեռուստատեսությամբ, բայց բողոքող գլենդելահայերը համոզված են, որ ֆիլմը ցույց է տալու՝ իբր հայերը հոլիվուդյան գիշերային ակումբներում են կյանքն անցկացնում, պլաստիկ վիրահատություններ են անում, թանկարժեք մեքենաներ վարում և, այսպիսով, ամրապնդում են կեղծ կարծրատիպերն իրենց՝ ամերիկահայերի մասին:

Այս պահի դրությամբ ավելի քան 2100 մարդ ստորագրել է շոուի եթեր հեռարձակումը կասեցնելու միջնորդությունը Change.org կայքում։

Միջնորդության տեքստում, մասնավորապես, ասված է․

«Հայերը մեծ թվով վայրագություններ են վերապրել (այն է՝ ցեղասպանություն՝ օսմանյան թուրքերի ձեռքից): Հայերը հաղթահարել են դա, որպեսզի հաջորդ սերունդները հպարտ լինեն մեր ժառանգությամբ, որպեսզի չստորադասվեն այլասերվածների կողմից, ովքեր ցանկանում են թքել 1.5 միլիոն նահատակներից յուրաքանչյուրի գերեզմանին: Այս շոուն միայն զրպարտելու է և պախարակելու 1.5 միլիոն տղամարդկանց, կանանց, երեխաների հիշատակը, ովքեր զոհվել են մեր ժառանգության համար: Խնդրում ենք, ստորագրեք այս միջնորդությունը: Մենք չենք դառնա ծաղրի առարկա՝ հանուն ուրիշների դրամական եկամուտի»:

Շոուի հեռարձակումը կասեցնելու կոչով նաև ֆեյսբուքյան էջ է բացվել, որը կոչվում է «Stop Glendale Life Show» և ունի ավելի քան 6000 հետևող: էջում գրված մեկնաբանություններից մեկում, մասնավորապես, ասվում է․ «Հայերը փարթիների մեջ չեն ողջ օրը, հայերը աշխատող ժողովուրդ են, որ ժամանակ չունեն ծախսելու ակումբներում խմելու և շուրթերը մեծացնելու համար: Սա հայերի կյանքը չէ»:

Այս քննադատություններին նախագծի հեղինակները նորմալ են վերաբերվում՝ ասելով, որ քանի որ ԱՄՆ-ն ազատ երկիր է, ամեն ոք կարող է արտահայտել իր կարծիքը:

Epress.am-ի հետ զրույցում նախագծի մասնակիցներից մեկը՝ Էդգար Ռոստոմյանը, հերքել է, որ այն վիրավորական է հայերի համար, առավել ևս՝ կապ ունի ցեղասպանությունը ծաղրելու հետ: Ռոստոմյանի խոսքով՝ շոուն իրական պատմություն է տարբեր երկրներից ներգաղթած հայերի մասին:

«Ոչ մի վիրավորական բան չկա: Պարզապես հեռուստադիտողն ուզում է ավելի շատ մշակութային բովանդակության վերաբերող տեսարաններ: Սփյուռքում շատ զգայուն են այդ ամենի վերաբերյալ: Նաև այստեղ զարգացած են փիառ տեխնոլոգիաները, որոնց միջոցով կարող ես այս կամ այն գործում գովազդ անելու, քաղաքական ոլորտ մխրճվելու առիթ ման գալ, որպեսզի կայացնես սեփական կազմակերպությունը հետագա քաղաքական պրոցեսի համար, այստեղ ամեն ինչ փող է: Ուստի պարապ մարդիկ հանկարծակի հիշում են հայրենասիրության մասին՝ տեղյակ չլինելով անգամ ֆիլմից»,- ասել է Էդգար Ռոստոմյանը: