Оգոստոսի 1-ից Հայաստանում կգործի էլեկտրաէներգիայի նոր՝ բարձրացված սակագին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նրա խոսքով՝ սակագնի բարձրացումը անխուսափելի էր, քանի որ այլապես էլցանցը կարող է սնանկանալ․ այն արդեն 16 միլիարդ 600 միլիոն դրամի վնաս ունի:
«Մի փոքրիկ, թեկուզ 0.5%-ի հնարավորություն լիներ՝ մենք այս քայլին չէինք գնա։ Մեզ համար էլ է շատ դժվար մեր հասցեին տարբեր տեսակի խոսքեր, ժողովրդի վրդովմունքը լսել։ Եթե նման թանկացումները ստիպված չանենք, երկու-երեք տարում մեզ կարող էիք լիարժեք մեղադրել՝ թե ինչու այս կայունությունը չեք ապահովել և բերել հասցրել եք այս վիճակին»,- ասել է Նազարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնել էր, որ նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության համար անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար, ուստի էլեկտրաէներգիայի սակագինը պետք է ավելացվի 10 տոկոսով։
Ռոբերտ Նազարյանը չի բացառել, որ սակագինը կարող է նորից բարձրանալ՝ 2015 թվականին: