Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին՝ 24-ամյա Սամվել Քոթանջյանը հունիսի 10-ին, ժամը 23։10-ի սահմաններում ներկայացել է ոստիկանության բաժին։ Քոթանջյանը ներկայացրել է առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակ ու հայտարարել, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Սամվել Քոթանջյանը ձերբակալված է, և ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի երեկոյան կրակոցներ էին հնչել Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ, Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ՝ Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում։
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս»: Հայտնաբերվել է նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ:
Փաստի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի օգտագործմամբ) հատկանիշներով։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ից