հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սարգսյանի կառավարության սկանդալային իրադարձությունների լավագույն տասնյակն՝ ըստ Փաշինյանի

Սարգսյանի կառավարության սկանդալային իրադարձությունների լավագույն տասնյակն՝ ըստ Փաշինյանի

Տիգրան Սարգսյանի կառավարությունը ամենասկանդալայինն էր ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ: Այս մասին ԱԺ-ում 2013 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը նշել է, որ տվյալ բյուջեն կազմել և իրագործել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը։ Հիշելով Սարգսյանի գործունեությունը՝ Փաշինյանը ներկայացրել է նրա կառավարության սկանդալային իրադարձությունների լավագույն տասնյակը:

Տասներորդը Տիգրան Սարգսյանի կոչն էր՝ հնարավորինս քիչ խոսել տնտեսական ճգնաժամի մասին՝ ասելով՝ որքան շատ խոսենք դրա մասին, այնքան ավելի մեծ կլինի ճգնաժամի հավանականությունը։

Իններորդը՝ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի «ղալաթ եք անում» արտահայտությունն էր ՝ ուղղված ԱԺ ուժերին, որոնք միայն փորձում էին իրենց սահմանադրական իրավունքն իրականացնել:

Ութերորդը, ըստ Փաշինյանի, 2011 թվականի նոյեմբերի 11-ին Տիգրան Սարգսյանի հարբած վիճակում հայտնվելն էր մարզահամերգային համալիրում:

Յոթերորդը նախկին վարչապետի հայտնի մեկնաբանությունն էր արտագաղթի մասին՝ «ի՞նչ անենք՝ թողնենք մնան Հայաստանում, հեղափոխությու՞ն անեն»:

Վեցերորդ հորիզոնականում գազի վերաբերյալ սկանդալն է, երբ հանրությունից թաքցվել էր ներկրվող գազի թանկացման փաստը։ Փաշինյանը հիշեցրել է ՝ այս փաստը թաքցնելու միակ նպատակն ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը երաշխավորելն էր:

Հինգերորդ սկանդալը, պատգամավորի խոսքով, արագաչափերի մասին որոշումն էր, որի նպատակը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բիզնեսը մեծացնել էր՝ քաղաքացիներից մինչև 20 միլիարդ դրամ բռնագանձելու հաշվին:

Չորրորդը Նաիրիտ գործարանի հետ կապված սկանդալն է, երբ Տիգրան Սարգսյանը 70 միլիարդ դրամի վարկ տվեց «Ռայնովիլ» անունով մի ընկերության՝ գործարանը, իբր, աշխատացնելու համար: «Մինչ Նաիրիտում աշխատող Սարգսյանի եղբայրը ստացավ աստղաբաշխական գումարներ, Նաիրիտի բազում աշխատակիցներ մինչև հիմա պայքարում են իրենց աշխատավարձը ստանալու համար»,- ասել է Փաշինյանը:

Երրորդ սկանդալը կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման որոշումն է, որը, Փաշինյանի խոսքով, խփեց հակասամանադրականության բոլոր ռեկորդները։

Երկրորդը Արարատյան դաշտի ջրային ավազանի գոյությունը կասկածի տակ դնող որոշումն է, որն ընդունվել է Ջրի ազգային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանի կողմից:

Առաջին հորիզոնականում ամենահայտնի, խոշորագույն սկանդալն է՝ Օֆշորային սկանդալը: Փաշինյանը հիշեցրել է, որ Սարգսյանը 10 միլիոն դրամի չափով վարկ էր փոխանցել Կիպրոս և բիզնես սկսել Աշոտ Սուքիասյանի և Նավասարդ Կճոյանի հետ:

Փաշինյանի ելույթից հետո լավագույն տասնյակին ավելացում է արել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ չի կարելի մոռանալ, որ «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրով փոխանցված 16.6 միլիոն դոլարը Տիգրան Սարգսյանի կողմից մսխվել է «ինչպես ցանել կարտոֆիլ» և «ինչպես կթել կով» «լոլոների» վրա: