ՀՀ պետական բյուջեն հնարավոր չէ քննարկել, քանի որ այդտեղ հստակ թիվ չկա, կան միայն բյուջեի ինտերպրետացիաներ: Այս մասին 2013 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր՝ հունիսի 11-ին, հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ այս վիճակի պատճառն այն է, որ բյուջեում գրված են նաև արտաբյուջետային ֆոնդերը, ինչը չպիտի լինի: «Դա բերում է նրան, որ նախարարը, եթե իրենց տարեկան ֆինանսավորումը 12 միլիարդ է, հունվարին ստանա 2 միլիարդը, և մի միլիարդը դնի դեպոզիտ՝ գոյացնի եկամուտ»,- արտաբյուջետային ֆոնդերի ռիսկը բացատրելով՝ ասել է պատգամավորը։
Ըստ Բագրատյանի՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը բյուջեն չի կատարել. «Տնտեսական աճը նախատեսված էր 6,2 տոկոս, բայց եղել է 3,2 տոկոս, էլ դուք ո՞նց եք բյուջեն կատարել, էդ ո՞ւմ եք սեղմել: Եթե տնտեսության աճը ձեր ասած թվից 2,7%-ով պակաս է, էլ ի՞նչ»,- ասել է նա՝ հավելելով՝ բյուջեի մյուս թերությունն այն է, որ փաստաթղթում չեն ամփոփվում պետական պարտքի մասին տվյալները, ինչը նույնպես բյուջետային թիվ է և պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից:
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Կառավարությունը բյուջեի ներկայիս տեսքով թույլ չի տալիս տեսնել՝ բյուջեի կատարման մեջ ինչ դեր են ունեցել գնաճը, դրամավարչարարությունն ու այլ գործոնները: