Հայաստանը 2013 թվականին ԱՊՀ-ում շարժական ինտերնետի թափանցելիությամբ առաջին տեղն է զբաղեցրել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով J’son & Partners Consulting վերլուծական ընկերության հետազոտությունը:
Նախորդ տարվա տվյալներով՝ Հայաստանում շարժական ինտերնետի թափանցելիությունը կազմել է 68%: Երկրորդ տեղում Ղազախստան է ՝ 67%-ով, երրորդ տեղում՝ Ռուսաստանը՝ 63%-ով:
J’son & Partners-ի հետազոտության համաձայն, Հայաստանում 2013 թվականի վերջին հաշվվում էր շարժական ինտերնետի ավելի քան 2 միլիոն օգտատեր:
Ինչ վերաբերում է «չորրորդ սերնդի» կապերին (4G/LTE), ապա 2014 թվականի մայիսի սկզբի դրությամբ, LTE ցանցեր ներդրվել են ԱՊՀ-ի դիտարկված բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի, իսկ 3G ցանցերը՝ բոլոր երկրներում: Ընդ որում, ամենուր, բացառությամբ Ադրբեջանի ու Տաջիկստանի, գործում է գոյություն ունեցող ամենաարագ 3G տեխնոլոգիան՝ DC HSPA+-ը, որն ապահովում է վայրկյանում 42 մեգաբիթ բեռնման արագություն:
Նշենք, որ Հայաստանում՝ Երևանում, LTE-ի ցանցը 2011 թվականին ներդրել է VivaCell-MTS օպերատորը․ այժմ դրա ծածկույթի գոտում ապրում է երկրի բնակչության շուրջ 33 տոկոսը: