Այսօր Ազգային ժողովն ընդունել է Կառավարության կողմից ներկայացված օրինագծերը քննելու որոշումը, թեև դրան դեմ են քվեարկել ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «ժառանգություն» խմբակցություններն ու ԲՀԿ-ի որոշ պատգամավորներ։ Այսպիսով, Կառավարության օրինագծերը արտահերթ նստաշրջանում քննելու որոշմանը կողմ է քվեարկել 67, և դեմ՝ 26 պատգամավոր։
Նշենք, որ այս արտահերթ նստաշրջանը հրավիրվել է Կառավարության կողմից, իսկ ԱԺ ընդդիմությունը դեմ է արտահայտվել օրինագծերի քննարկմանը՝ պատճառաբանելով, որ օրինագծերի մեծ մասը նախօրոք չէր ներկայացվել ԱԺ հանձնաժողովների դատին:
Թեև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պահանջած 20 րոպե ընդմիջման ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ անցկացրած հանդիպումն արդյունք չի տվել, ու Կառավարության օրինագծերից երեքը դրվել են քվեարկության, այնուամենայնիվ, դրանցից երկուսը չեն ընդունվել, քանի որ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, իսկ ներկա ՀՀԿ-ականների թիվը բավարար չէր։
ՀՀԿ-ականները դահլիճում քիչ էին, և ոմանք քվեարկում էին ուրիշների փոխարեն: Տեսնելով, որ Կառավարության օրինագծերը տապալվում են, այս անգամ 20 րոպե ընդմիջում է խնդրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: