ՀԱԿ խմբակցությունը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի հետ հանդիպմանը բարձրացրել է 5 հարց: Դրանք են՝ Մարտի մեկի բացահայտումը, ընտրությունների կեղծումն ու ընտրացուցակների չհրապարակումը, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, հեռուստատեսության և ԶԼՄ-ների ազատությունը, ինչպես նաև՝ քաղբանտարկյալների հարցը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը (լուսանկարում):
Նրա խոսքով՝ ՀԱԿ-ն ինքը դեռ չի կողմնորոշվել՝ կա Հայաստանում քաղբանտարկյալ, թե ոչ: «Մեր կուսակցությունը քննարկում է Շանթ Հարությունյանի և Վոլոդյա Ավետիսյանի՝ քաղբանտարկյալների չափանիշներին համապատասխանելու հարցը: Դեռ եզրակացության չենք եկել»,- ասել է Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ համազեկուցողները հանդիպել են նաև ՀՅԴ և Ժառանգություն խմբակցությունների հետ: Հանդիպումների ընթացքում բարձրացվել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության և նույնասեռականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։