հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Սկսել է բղավել՝ լարելով իրավիճակը»․ լրագրողի երկրորդ առերեսումը ոստիկանների հետ

«Սկսել է բղավել՝ լարելով իրավիճակը»․ լրագրողի երկրորդ առերեսումը ոստիկանների հետ

Հատուկ քննչական ծառայությունում այսօր տեղի է ունեցել «Չորրորդ Իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի առերեսումը երկու ոստիկանների հետ, որոնցից մեկը Վարդան Գևորգյանն է, ով փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում փորձել էր խլել Անի Գևորգյանի տեսախցիկը։ Այս մասին վերջինս պատմել է Epress.am-ի հետ զրույցում։

«Ինչպես սպասվում էր, նա դեպքի վերաբերյալ կեղծ ցուցմունքներ տվեց, սակայն որոշ ժամանակ հետո նրա նյարդերը տեղի տվեցին։ Նա պահանջեց, որ առերեսումն ավարտվի, ինչից հետո սկսեց բղավել իմ փաստաբան Արմենուհի Առաքելյանի վրա: Փաստաբանը փորձում էր կարգի հրավիրել ոստիկանին, ասելով, որ նա գտնվում է առերես հարցաքննության մեջ և պետք է իրեն պատշաճ պահի։ Ոստիկանը սակայն, շարունակում էր իրենը, ինչից հետո առերեսումը ավարտվեց: Գևորգյանը, ով գործով որպես վկա է անցնում, իրավունք չուներ պահանջել ավարտել առերեսումը, քանի որ նրա դատավարական կարգավիճակը նման իրավունք չի նախատեսում»,- պատմել է լրագրողը։

Անի Գևորգյանը նշել է, որ ոստիկանը միտումնավոր սկսել է բղավել՝ այդպիսով լարելով իրավիճակը հասցրել նրան, որ առերեսումը դադարեցվի:

Նշենք, որ մայիսի 29-ին տեղի էր ունեցել լրագրողի և ոստիկանների միջև առաջին առերեսումը, որի ընթացում, ըստ լրագրողի, ոստիկանները ծիծաղելի ցուցմունքներ են տվել։ 

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանը, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանիը, լրագրողներ Սարգիս Գևորգյանն ու Անի Գևորգյանը ս․թ․ փետրվարի 12-ին բերման էին ենթարկվել Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ընթացքում։ Մինչ ոստիկանների ժամանելը՝ իրազեկման ակցիայի ընթացքում մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին ակցիան, խլել թռուցիկները։