Այսօր` հունիսի 19-ին, Սյունիքի մարզի դատարանի Կապանի նստավայրում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով առաջին դատական նիստը չի կայացել, քանի որ տուժող Արտակ Բուդաղյանը չի կարողացել ներկայանալ նիստին՝ առողջական վատ վիճակի պատճառով: Այս մասին Epress.am-ին ասել է Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը:
Ալումյանի խոսքով՝ Արտակ Բուդաղյանը օրեր առաջ վիրահատվել է և այժմ չի կարող քայլել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 4-ին՝ ժամը՝ 12.00-ին: Գործը քննում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը։
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք է ստացել հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի՝ Գորիսում գտնվող առանձնատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Գնդակը խրվել էր նրա գոտկային մկանային հյուսվածքների մեջ և դեպքի հաջորդ օրն իսկ, երբ նա տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ, գնդակը հեռացվել է նրա մարմնից:
Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տեղում մահացել էր Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը:
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ովքեր, սակայն, ազատ էին արձակվել, քանի որ նրանց գործողությունները որակվել էր որպես ինքնապաշտպանություն։ Ավելի վաղ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսել էր քննության թերի լինելու և փաստերը կոծկելու մասին։