Եվրոպայում գործում է օրենք, ըստ որի՝ դիվանագետները 300 եվրոն գերազանցող գնում կատարելիս հենց խանութում հետ են ստանում վճարված գումարի 21 տոկոսը։ Այդ օրենքից լայնորեն օգտվում են հայաստանցի դիվանագետները, սակայն դիվանագիտական ամբողջ կորպուսից «համը հանել» և բացահայտվել է Բելգիայում Հայաստանի դեսպանը՝ Ավետ Ադոնցը, գրում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթը։
«Լուրեր կան, որ նա իր տիկնոջ հետ միասին այդ եղանակով այնքան «Rolex» ժամացույցներ է գնել, ինչպես նաև բարձր կարատանոց ադամանդյա քարեր է բերել Հայաստան, որ գրավել է բելգիական հատուկ ծառայությունների ուշադրությունը։
Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ և ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolex»-ներ և 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել և անարգել տանել Հայաստան։
Ինքնին հասկանալի է, որ բելգիական հատուկ ծառայություններին բոլորովին չի մտահոգում այն փաստը, որ Ադոնցը իր գնումները անարգել, առանց մաքսազերծման անցկացնում է Հայաստան, նրանց հետաքրքրում է իրենց երկրի բյուջեն, որի հաշվին ճարպիկ դիվանագետը բազմապատկում է իր ունեցվածքը։ Նման խոշոր գնումների դեպքում 21 տոկոսը պատկառելի թիվ է կազմում, իսկ բելգիացիներն ամենևին մտադիր չեն իրենց բյուջեի գումարները քամուն տալ», – գրում է թերթը։
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ եթե բելգիացիները հետևողական լինեն և պահանջեն իրենց հարցապնդման պատասխանը, հնարավոր է, որ Իսպանիան, որտեղ պետք է դեսպան նշանակվի Ադոնցը, չհաստատի նրա ագրեմանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ aravot.am