Գլխավոր / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանի դեմ ակցիայից հետո ակտիվիստի տան շեմին թրիք են լցրել

Սերժ Սարգսյանի դեմ ակցիայից հետո ակտիվիստի տան շեմին թրիք են լցրել

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր իր տան շեմին հայտնաբերել է մի կույտ գոմաղբ: Epress.am-ին տեղեկացնելով դեպքի մասին՝ Գասպարին ասել է, որ հարևաններն իրեն ասել են՝ «զգույշ մնացեք, ավելի վատ բան չանեն»:

Գասպարիի կարծիքով՝ իր տան դիմաց աղբ է լցվել, իսկ կողմնակի մարդկանց միջոցով «չերեզներով» սպառնալիքներ են փոխանցվել այն պատճառով, որ երեկ ինքը ակցիա է անցկացրել «նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի» տան մոտ:

Ակտիվիստը կանգնել էր Սարգսյանի տան դիմաց՝ ձեռքում պահելով «Ավելի ստոր, անարժանապատիվ, քան ամենաանբարո կավատները» գրությամբ պաստառը: Այս ակցիայով Գասպարին արձագանքել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողություններին: Հիշեցնենք, որ այդ օրը բերման էր ենթարկվել 27 քաղաքացի, շատերը ստացել էին մարմնական վնասվածքներ, երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց:

«Ես զանգել եմ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որպեսզի փոխանցեն՝ Սերժ Սարգսյանը գա, այդ աղբը հավաքի, տանի», – ասել է Վարդգես Գասպարին:

Նշենք, որ ոստիկանության ապօրինությունների դեմ բազում դատական վարույթներում ներգրավված Վարդգես Գասպարին երկու օր առաջ ստացել է դատական ակտ այն մասին, որ իր հաշիվների և անշարժ գույքի՝ բնակարանի վրա կալանք է դրված: Նման միջնորդությամբ հանդես է եկել ոստիկան Աիդա Դեմիրխանյանը, ով դատական հայց է ներկայացրել Գասպարիի դեմ՝ պահանջելով ակտիվիստից բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես բարոյական փոխհատուցում իրեն վիրավորելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Գասպարիի տան շեմին թրիք էին լցրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ ակտիվիստի բողոքի ակցիայից հետո:

Tekali Taxi