«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում ձերբակալված Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղբանտարկյալների գործով այսօրվա դատական նիստին նախագահող Մնացական Մարտիրոսյանը հարցրել է՝ արդյոք կողմերը ցանկանում են ինքնաբացարկ հայտնել դատավորին և քարտուղարին։ Շանթ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը մեկ անգամ արդեն դատապարտվել է նույն դատավորի կողմից (Շանթ Հարությունյանը 2008-2009 թվականներին անցնում էր աղմկահարույց «7-ի գործով» – Epress.am), սակայն չի կարծում, որ դա դատավորի որոշումն էր։
«Եթե ես ինքնաբացարկ հայտնեմ, կնշանակի, որ հույս ունեմ, որ, եթե մեկ այլ դատավոր լինի, կարող է արդար վճիռ հրապարակել», – ասել է Հարությունյանը։
Դիմելով իր 13 ընկերներին՝ Հարությունյանն ասել է, որ նրանք ազատ են դատավորին բացարկ հայտնելու հարցում ինքնուրույն որոշում կայացնել, սակայն հորդորել է այնպիսի ելույթ չունենալ, որը կարող է վնասել իրենց արժանապատվությանը։
«Եթե մտածում եք, որ, ինչ-որ բան ասելով, կարող եք մեկ օր շուտ գնալ ձեր տուն, կարող եք ազատ արտահայտվել։ Եթե ուզում եք, կարող եք ասել, որ ոստիկանին խփել եք և հիմա զղջում եք։ Բայց խնդրում եմ, մի վնասեք մեր և ձեր արժանապատվությանը, թեև մի գրամ չեմ կասկածում ձեզ», – հայտարարել է Հարությունյանը։
Ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը հայտարարել է, որ հայաստանցի դատավորներն առաջնորդվում են Ռուսաստանից եկած հրահանգներով, և պահանջել է Ռուսաստանից դատախազներ հրավիրել։ Մնացական Մարտիրոսյանը հեռացել է խորհրդակցությունների սենյակ՝ քննարկելու ամբաստանյալի հայտարարությունը։ Այս պահին նիստն ընդմիջվել է։
Նշենք, որ նիստի մեկնարկին դահլիճում լարված իրավիճակ էր։ Մոտ 10 ոստիկաններ կանգնել էին լրագրողների և ամբաստանյալների հարազատների դիմաց։ Վերջիններս ոստիկաններին հորդորում էին չփակել տեսադաշտը։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և նրա համախոհները ձերբակալվել են նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկելիք ցույցի ժամանակ։ Նրանք մեղադրվում են զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության մեջ։ Մի շարք հայաստանցի իրավապաշտպաններ և միջազգային կառույցներ նրանց քաղբանտարկյալ են ճանաչել։