«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 2013 թվականին նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում ձերբակալված Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է։
Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնել է Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, նրանից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը:
Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Հարությունյանին ըստ օրենքի սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նախորդ մեղադրանքի դեպքում նրան սպառնում էր 5-ից 10-ը տարի ազատազրկում։ Նշենք, որ Հարությունյանի փաստաբանը բազմիցս հայտնել էր, որ նա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն չի կիրառել, իսկ միջադեպի վայրում ներկա անձինք եղել են քաղաքացիական հագուստով։
«Այդ օրն էլ, երթի դուրս գալուց առաջ, վերջինս նախազգուշացրել է ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի մասնակիցներին զերծ պահեն սադրանքներից։ Նրան առաջադրված մեղադրանքից երևում է, որ գործով չակերտավոր տուժողները, պարզ է, որ եղել են քաղաքացիական հագուստով, և Շանթը չէր կարող իմանալ, որ քաղաքացիական հագուստով մարդիկ ոստիկաններ են», – անցյալ շաբաթ կայացած ասուլիսին ասել էր Ինեսսա Պետրոսյանը։