հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյանին մրցանակ շնորհվեց Խոսքի ազատության օրվա կապակցությամբ

Շանթ Հարությունյանին մրցանակ շնորհվեց Խոսքի ազատության օրվա կապակցությամբ

Մարտի 25-ին Գյումրիում 6-րդ անգամ նշվեց Խոսքի ազատության օրը: Ինչպես հաղորդում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, այդ կապակցությամբ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված 29 առաջարկ, որոշեց պարգևատրել հետևյալ անձանց և կազմակերպություններին.

Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը և hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության ու բացահայտումների համար, Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական դիրքորոշումը  հետևողականորեն արտահայտելու, ֆեյսբուքյան հրապարակումների համար, Լուսինե Հովհաննիսյանը` հրապարակախոսության համար, «Արտ-Լաբորատորիա» (Արտլաբ) ստեղծագործական կազմակերպությունը` Խոսքի և արտահայտման ազատության ինքնատիպ և յուրահատուկ լուծումների համար, Լևոն Խեչոյանը (հետմահու)` Իսկական մտավորականի դիրքորոշման և հրապարակախոսության համար, «Անտարես» հրատարակչությունը և Արմեն Մարտիրոսյանը` «Արգելված գրքեր» մատենաշարի և Հայաստանում գրքի քարոզի նորարարական մոտեցումների ներդրման համար:

Վերոհիշյալ անձանց և կազմակերպություններին շնորհվեցին գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանի գրաֆիկական աշխատանքները:

Խոսքի Ազատության Օրը ավանդաբար նշվում է Գյումրիում մարտի 25-ին, այն օրը, երբ համաժողովրդական հանգանակության և զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:

2008 թվականին իշխանությունների կողմից փորձ արվեց փակել «Գալա TV»-ն` մոտ 27 միլիոն դրամ տուգանք սահմանելով հեռուստաընկերության նկատմամբ, սակայն Հայաստանի հեռուստաարդյունաբերության պատմության մեջ աննախադեպ երևույթ գրանցվեց. մարդիկ սկսեցին հեռուստամարաթոն-դրամահավաք՝  ի պաշտպանություն «Գալա» հեռուստաընկերության: Դրամահավաքի ընթացքում «Գալայի» հաշվին փոխանցվեց 26 միլիոն 458 հազար 500 դրամ, իսկ տուգանքի մնացած 441 հազար դրամը հեռուստաընկերությունը փոխացնեց իր հաշվից: