Շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով նախաքննական մարմինը մինչ օրս քննչական ոչ մի գործողություն չի իրականացրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Նա նշել է, որ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր․ օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ), սակայն այս հոդվածով նրա արարքում բացակայում է հանցակազմը, և առաջադրված մեղադրանքն անհիմն է։
Փաստաբանի խոսքով՝ Հարությունյանը փորձել է իր կարծիքն արտահայտել, հրապարակում իր խնդիրներն է բարձրաձայնել։
«Այդ օրն էլ, երթի դուրս գալուց առաջ, վերջինս նախազգուշացրել է ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի մասնակիցներին զերծ պահեն սադրանքներից։ Նրան առաջադրված մեղադրանքից երևում է, որ գործով չակերտավոր տուժողները, պարզ է, որ եղել են քաղաքացիական հագուստով, և Շանթը չէր կարող իմանալ, որ քաղաքացիական հագուստով մարդիկ ոստիկաններ են», – ասել է պաշտպանը։
Պետրոսյանը կարծիք է հայտնել, թե 5 ամիսների ընթացքում իրենք հույս են ունեցել, որ Հարությունյանի վրայից կհանվեր այդ մեղադրանքը, սակայն մինչ օրս ոչ միայն չի հանվել, այլև 2 ամիսը մեկ կալանքը երկարացվում է՝ «փոխարեն մեղադրանքը հանեն, հայտարարում են, որ շուտով կավարտվի նախաքննությունը և գործը կուղարկվի դատարան»։
«Ավելացնեմ, որ որևէ առերեսում չի եղել՝ Շանթը հրաժարվել է ցուցմունք տալուց: Հարությունյանը և մյուսները հետապնդվում են իրենց քաղաքացիական հայացքների համար և ոչ թե քրեական հանցագործություն կատարելու համար։ Հարությունյանին, որպես պատժիչ միջոց, հասարակության աչքից գցելու համար նրան տեղափոխեցին հոգեբուժական հիմնարկ և 20 օր պահեցին այնտեղ՝ շատ լավ իմանալով, որ անգամ նախորդ փորձաքննության ժամանակ ապացուցվեց, որ նա հոգեկան հիվանդ չէ», – ընդգծել է փաստաբանը։
Նոյեմբերի 5-ին ձերբակալված Միսակ Առաքելյանի պաշտպան Հովահաննես Քոչարյանը նշել է, որ նախաքննությունը չի կարողացել ապահովել պատշաճ և օբյեկտիվ քննություն։
«Այս ամիսների ընթացքում մեզ չի հաջողվել մեկ ապացույց, տեղեկատվություն ստանալ, որ Միսակ Առաքելյանի արարքի հետևանքով ոստիկաններ են տուժել, չկա ապացույց, որ այդ պայթուցիկ սարքերը հանդիսանում են ռազմամթերք, որի պատճառով տուժել են ոստիկաններ», – ասել է նա։
Քոչարյանի դիտարկմամբ՝ նախաքննական մարմինն անկախ չէ և օբյեկտիվ չի կարող գործը քննել․ «Գործով տուժողները ոստիկաններն են, և գործը քննում են ոստիկանները։ Ես լավատես չեմ և չեմ կարծում, որ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը կփոխվի ավելի մեղմ հոդվածով», – եզրափակել է փաստաբանը։
Ասուլիսի մեկ այլ մասնակից, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հայտարարել է, որ իշխանության «խելքը գլուխը չհավաքելու» պարագայում դատավարության բոլոր օրերին կազմակերպվելու են բողոքի ու անհնազանդության ակցիաներ։