Եթե հիմա քաղաքացիական, արտախորհրդարանական ուժերը ուզում են դուրս գալ պայքարի, առանձին-առանձին չեն կարող արդյունքի հասնել: Այս մասին այսօր «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարին ասել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է փրկվել, եթե ազատվի Սերժ Սարգսյանից: «Հայաստանը գտնվում է կեղծիքի մեջ, և հայ ժողովուրդը պետք է միասնականություն ցուցաբերի և դուրս գա այս իրավիճակից: Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, ինչպիսիք են Շանթ Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանը և Վարդան Պետրոսյանը։ Ի՞նչ եք կարծում՝ եթե նա լիներ իշխանամերձ մտավորական կամ պատգամավոր, նստած կլինե՞ր»,- ասել է Հովհաննիսյանը:
«Ժառանգության» ղեկավարն ասել է, թե ինքը ճիշտ է վարվել թե նախագահական ընտրություններին մասնակցելով, թե դրանից հետո՝ ապրիլի 9-ին՝ նախագահի երդմնակալության օրը:
«Հարվածները մեզ վրա վերցնելը, առանց զոհի, առանց սադրիչներին տուրք տալու․․․ Ես չգիտեմ, եթե Արմենուհին կողքս չլիներ, կամ Կարինը, կամ դուք, ես ինչ որոշում կկայացնեի, բայց հասարակության մեծամասնությունը գնաց փոփոխությունների»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: