Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Չորաթան, Մովսես, Բարեկամավան գյուղերը երեկ երեկոյան գնդակոծվել են հակառակորդի կողմից: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ գնդակոծումից տուժողներ չկան, իսկ այսօր առավոտյան արդեն ոչ մի կրակոց չի լսվել:
Նշենք, որ Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը Aravot.am-ին հայտնել էր, որ գնդակները դիպել են գյուղի տների և դպրոցի պատերին, դրանք խոցել-սատկացրել են նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի մոզուն: Ադրբեջանական գնդակոծությունից այրվել են գյուղի Ներքին հողեր տեղամասի դաշտերը: Գյուղապետի խոսքով՝ այրվել է գյուղի արոտավայրերի 90 տոկոսը, անասուններն արածեցնելու տեղ այլևս չկա:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնել է, որ գնդակները դիպել են տների պատերին, տանիքներին, գյուղի գազատարը պայթել է, այն այժմ վերականգնում են: