Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում զինվորական շտապ օգնության մեքենայի ձորը գլորվելու հետևանքով բռնկված հրդեհից տուժած զինծառայողներից մեկին Մուրացանի զինվորական հոսպիտալից այսօր տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Վիճակը կայուն ծանր է, այլ մանրամասների ներկա պահին չեմ տիրապետում», – ասել է խոսնակը։
Մեր թղթակցի հետ զրույցում Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանը հայտնել է, որ զինծառայողը երեկ երեկոյան ուղղաթիռով տեղափոխել էր Երևան, մյուս տուժածը, ով համեմատաբար քիչ վնասվածքներ ունի, Բերդի հիվանդանոցում է։
«Վաղը պատրաստվում ենք հուղարկավորել բուժքրոջ դին, որը գրեթե ամբողջությամբ այրվել էր», – ասել է գյուղապետը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Արծվաբերդի գյուղապետարանի մոտ զինվորական շտապ օգնության մեքենան գլորվել էր ձորը, ինչից առաջացած հրդեհի հետևանքով տուժել էին ժամկետային երկու զինծառայողներ, այրվածքներից մահացել էր բուժքույր Արևիկ Բաբասյանը։ Մեքենայի պայթյունից ամբողջության վառվել է հարակից տներից մեկը, որի բնակիչները բացակայում են Հայաստանից։