«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, 30-ամյա Դավիթ Սարոյանը հունիսի 27-ին մահացել է: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ դատապարտյալը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանի որ ՔԿՀ-ում նրա բուժումը արդյունք չէր տվել: Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դավիթ Սարոյանը նախկինում 3 անգամ ազատազրկման է դատապարտված եղել, իսկ ներկայումս պատիժ էր կրում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2 տարի 10 ամիս ժամկետով: