Home / Հայաստան / Էլէներգիայի դեմ բողոքողները փորձեցին փակել փողոցը․ ոստիկանները հեռացրեցին նրանց (թարմացված)

Էլէներգիայի դեմ բողոքողները փորձեցին փակել փողոցը․ ոստիկանները հեռացրեցին նրանց (թարմացված)

12:15 Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ ակցիա անցկացնող քաղաքացիները 12։00-ի սահմաններում փորձել են փակել Սարյան փողոցը, սակայն ոստիկանները նրանց հեռացրել են երթևեկելի հատվածից։

Րոպեներ անց ակցիայի մասնակիցներին հաջողվել է անցնել ոստիկանական պատը և փակել ճանապարհը, ինչից հետո կողմերի միջև հրմշտոց է սկսվել։

Ոստիկաններին են միացել նաև հատուկ ջոկատայինները, ովքեր պատ կազմած հրելով փողոցից հեռացրել են ակցիայի մասնակիցներին։  

Այս պահին իրավիճակը հանդարտվել է։ Նշենք, որ Հանձնաժողովի շենքում այս պահին քննարկում են սակագնի բարձրացման հարցը։

11:00 Սարյան փողոցում գտնվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հերթական ակցիան նախորդից ավելի մարդաշատ է։ Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ակցիային մասնակցում են մոտ 100 քաղաքացիներ, և, ինչպես նախորդ անգամ, ոստիկանությունը փակել է ճանապարհը՝ թույլ չտալով նրանց մոտենալ Հանձնաժողովի շենքի մուտքին։

Ակցիայի վայր են եկել նաև ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները․ ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը։ Քիչ անց պատգամավորները մտել են շենք՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին։ Ակտիվիստները պահանջել են իրենց նույնպես ներս թողնել, սական ոստիկանները հրաժարվել են։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկել է ակտիվիստներից մի քանի հոգի ընտրել՝ նիստին մասնակցելու համար, սակայն բողոքողները չեն համաձայնել՝ ցանկանալով ամբողջ կազմով ներս մտնել։