Home / Տեսանյութեր / Ոստիկանները մարդկանց բռնության են ենթարկել․ 27 ակտիվիստ բաժնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները մարդկանց բռնության են ենթարկել․ 27 ակտիվիստ բաժնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ոստիկանությունը 27 մարդու բերման է ենթարկել Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ակցիայի ժամանակ՝ Սարյան փողոցում գտնվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտից:

Ըստ ոստիկանության՝ ակտիվիստներին բերման ենթարկելու հիմք է հանդիսացել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածը (ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը) չկատարելը։

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ակտիվիստների մի մասը բերման է ենթարկվել ակցիայից հետո․ մարդիկ պարզապես կանգնած էին Սարյան 22 հասցեում գտնվող ՀԾԿՀ-ի շենքի մոտ և որևէ գործողություն չէին անում:

Բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները բռնություն էին գործադրում մարդկանց նկատմամբ և հայհոյում նրանց։

1akcia

Մասնավորապես, նման կերպ բերման է ենթարկվել քաղաքացի Հարություն Աղլամազյանը: Նրան տանելուց հետո ընկերները դիմել են դեպքի վայր ժամանած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով բացատրել՝ ինչու են «ոստիկանները առևանգում քաղաքացիներին»:

Փոխոստիկանապետը կանչել է ոստիկաններից մեկին, ով ասել է, որ երիտասարդը հետևից մոտեցել է ոստիկաններից մեկին և բռունցքով հարվածել նրան:

Ակտիվիստները պնդել են, որ ոստիկանի պատմածը իրականությանը չի համապատասխանում։

Ոստիկանների խիստ ագրեսիվ պահվածքի մասին լրագրողների բոլոր հարցերին Վալերի Օսիպյանը պատասխանել է հետևյալ հիմնավորմամբ.

«Նախ ակցիան ինքնաբուխ չէր, մի քանի օր «Ֆեյսբուքով» պլանավորված բան է: Երկրորդ՝ ոստիկանները, այո, իրավունք ունեն ուժ կիրառել, եթե դա անհրաժեշտ է հասարակական կարգը պահելու համար»:

Նշենք, որ ոստիկանները խլել և ոստիկանություն են տարել նաև ակտիվիստների բարձրախոսը, ինչպես նաև ակցիայի ընթացքում խոչընդոտել են լրագրողների աշխատանքը:

Այժմ մի խումբ ակտիվիստներ հավաքվել են ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ։ Փաստաբաններ Գևորգ Դավթյանին և Ավագ Լալայանին դեռևս թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկվածների հետ։

Epress.am-ը դեպքերի մասին պատմող տեսանյութը կներկայացնի քիչ անց