Հունիսի 11-ին, Արցախի ՊԲ զորամասերից մեկում զոհված 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մայրը հոգեկան խանգարում է ստացել և հունիսի 30-ի առավոտյան տեղափոխվել սթրես-կենտրոն: Այս մասին գրում է News.am-ը, ով զրուցել է մահացած զինծառայողի հարևանուհին՝ տիկին Սուսաննայի հետ:
Հիշեցնենք, որ Դերենիկ Մանուկյանը, ըստ պաշտոնական վարկածի, սպանվել էր զինակցի՝ պատահաբար արձակած գնդակից: Գործով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բաբիկյանը:
«Հայրն էլ էր մի քանի օր հիվանդանոցում, նախաինֆարկտային վիճակում է, պետք է պառկի հիվանդանոցում, բայց չի համաձայնում: Բարձր ճնշումով ման է գալիս, փորձում է էնպես անել, որ կնոջը հանի այս վիճակից: Մի ամբողջ ընտանիք քայքայվում է»,- ասել է հարևանուհին:
Նա ավելացրել է, որ ընտանիքը չի ցանկանում գործով ձերբակալված Վոլոդյա Բաբիկյանին դատված տեսնել:
«Յոթի օրը Վոլոդյայի հայրը եկել էր գերեզմանոց, հանդիպել Դերենիկի հոր հետ, պատմել, թե ինչ մոտ ընկերներ են եղել Վոլոդյան ու Դերենիկը: Մնացած մանրամասներ չգիտեմ: Թե ինչ կլինի այդ տղայի ճակատագիրը, չգիտենք, հիմա բոլորս Դերենիկի մոր ու հոր առողջության մասին ենք միայն մտածում»,- ասել է տիկին Սուսաննան: