Բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել են հնարավորինս արագ ապահովել իրենց երեխաների գործի արդար քննությունը և պատժել մեղավորներին։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։
Նշենք, որ Կառավարության պաշտոնական կայքը հայտնել էր, թե Աբրահամյանն ընդունել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանին, Անահիտ Մկրտչյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին, Հերիքնազ Գասպարյանին և Հովսեփ Մուրադյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կառավարության ղեկավարը «զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ»:
«Մենք դիմելու ենք բոլոր նրանց, ովքեր գալու են իշխանության, ու այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել մեզ հուզող հարցերի պատասխանները, իսկ թե ինչ սպասելիքներ ունենք, ներկա պահին ասել չեմ կարող։ 2009 թվականին եղա վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ, այն ժամանակ էլ մտածում էի, որ գործի արդար քննություն կլինի, մեղավորը կստանա իր պատիժը, բայց ոչինչ չարվեց՝ 2014 թվականն է, ու մենք նույն տեղում ենք»,- ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ իրենք Աբրահամյանի հետ զրույցում բարձրացրել են քննչական մարմինների անգործության հարցը։
«Ասացի՝ պարոն Աբրահամյան, այսօր ես ունեմ գերեզման, սակայն չունեմ երեխայիս մահվան պատճառը, ո՞նց եք նայում դրան։ Նաև հարցրի՝ ես չեմ ծնողը, Աստված չանի, որ դուք լինեք իմ փոխարեն, ի՞նչ կանեիք։ Օգոստոսի 30-ին լրանում է տղայիս մահվան 7 տարին, ու ես մայր եմ, որը չգիտի իր երեխայի մահվան պատճառը։ Նաև ավելացրինք՝ եթե դատաիրավական համակարգը, քննչական մարմինները լուծում չեն տալիս, ուրեմն միջնորդեք, որպեսզի հանդիպենք գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին ու տեսնենք՝ ինքը ինչ կասի։ Վարչապետը խոստացավ հնարավորության սահմաններում աջակցել մեզ», – ասել է մեր զրուցակիցը։