Հուլիսի 12-ին Մոսկվայում մահացել է իրավապաշտպան, այլախոհ, անկախ լրագրող, վիդեոբլոգեր, քաղաքական գործիչ, «Դեմոկրատական միություն» և «Արևմտյան ընտրություն» կուսակցությունների հիմնադիր Վալերիա Նովոդվորսկայան։
Նովոդվորսկայան սկսել է իր հակախորհրդային գործունեությունը դեռևս 1969 թվականին՝ 19 տարեկանում, երբ Կրեմլի համագումարների պալատում տարածել է ԽՍՀՄ զորքերի՝ Չեխոսլովակիա ներխուժման դեմ թռուցիկներ։
Նրանց ձերբակալել են, Նովոդվորսկայան 1 տարի անցկացրել է մենախցում, ևս 2 տարի հարկադրաբար բուժում է ստացել Կազանի հոգեբուժարանում։ Մինչև ԽՍՀՄ փլուզումը զբաղվել է «Սամիզդատ»-ի տարածմամբ, հրատարակել է ԽՍՀՄ-ում պատժիչ բժշկության մասին, հանդես է եկել հոդվածներով։
ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել է իր գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում, համարվում է ՌԴ իշխանությունների ամենահետևողական քննադատներից մեկը՝ Չեչնիայի թեմայից մինչև Ուկրաինայի ճգնաժամը։
Ներկայացվող տեսանյութում Նովոդվորսկայան խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Լևոն Տեր-Պետրոսյանի դերի մասին, համեմատության եզրեր է անցկացնում Վրաստանի և Կիպրոսի հետ։ Իրավապաշտպանը որպես ազգամիջյան ներկայացվող խնդիրը դիտարկում է անհատի և պետության հակամարտության ենթատեքստում։
Խոսքն ամբողջությամբ․
Եթե ամեն ինչ մարդկայնորեն որոշվեր, իսկ քաղաքական գործիչները ոչ միայն քաղաքական գործիչ, այլ նաև մարդ լինեին, ապա Լեռնային Ղարաբաղին իրավունք կտային միանալ՝ ում ուզում է։ Այդպիսին կլիներ Ադրբեջանի ազատ կամքը, որն ունի նավթ, ունի պարարտ հողեր, իսկ Հայաստանն այդքան քիչ բան ունի՝ սարեր, Սևանա լիճ, Արարատ, այն էլ՝ իրենց բաժին չի ընկել։
Նրանք (ադրբեջանցիները – խմբ․) կարող էին հայերին մարդկայնորեն խղճալ ու Ղարաբաղը տալ և փոխարենը, ինչպես և նրանց առաջարկում էին, մեկ այլ հողակտոր վերցնել։ Բայց այդպես կլիներ, եթե ամեն ինչ մարդկայնորեն որոշվեր, իսկ դուք գիտեք՝ ինչպես է դա որոշվել՝ Սումգայիթի միջոցով։ Այդ պատճառով առանց կոնսենսուսի մասին նախնական պայմանավորվածության նման հարցեր բարձրացնել չարժեր։
Ռուսաստանն այդ սյուժեն լավ օգտագործեց, որպեսզի իր ձեռքում պահի և Հայաստանը, և Ադրբեջանը՝ հերթափոխով զենք տալով մեկ մի երկրին, մեկ՝ մյուսին։ Դա թակարդ է։ Այդ թակարդից ելք չկա։ Ինտելեկտուալ, այլախոհ, խելացի մարդ, ով Հայաստանում իրոք մեծ բարեփոխումներ էր անցկացնում, Լևոն Տեր-Պետրոսյանը մի հայտարարություն արեց, որն իր վրա թանկ նստեց քաղաքական կարիերայի առումով․ «Տղերք, մի կողմ դնենք Ղարաբաղը, պետք չէ դրա մասին մտածել։ Եկեք շարունակենք ապրել։ Այդ Ղարաբաղով ամեն ինչ չի վերջանում»։
Դրանով նա կորցրեց իր ընտրական միավորները։ Դրա համար վերջին ընտրություններին էլ նա նախագահ չընտրվեց, այլ նախագահներ ընտրվեցին ղարաբաղցիները, որոնք գոռում են «Արցախ, միացում»։
Ես չեմ ասում, որ դա անարդար կլիներ։ Իհարկե, եթե Ղարաբաղը ցանկանում է, նա իրավունք ունի, բայց եթե այդ իրավունքի հետ չեն համաձայնում այդ ձևով, ուրեմն ավելի լավ է հարցը ձեռք չտալ, որովհետև մենք ընդմիշտ կստանանք Հյուսիսային և Հարավային Կիպրոս, և այդ իրավիճակից ոչ մի ելք չի լինի։ Ինձ համար դա անհասկանալի է, բայց ես քաղաքական գործիչ չեմ, ես մարդ եմ։
Գալինա Ստարովոյտովան նույնպես մտածում էր, որ ամեն ինչ մարդկայնորեն կարելի է անել, վերցնել և տալ Ղարաբաղը համակրելի Հայաստանին։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, հիշո՞ւմ եք։ Հավանաբար, այդ մասին ավելի լավ է մոռանալ։
Նույն կերպ Վրաստանը ուժով չի քաշելու դեպի իրեն Աբխազիան և Հարավային Օսիան։ Շևարնդնաձեն ժամանակին փորձեց՝ 90-ականների սկզբին։ Աբխազիան և Վրաստանի մնացյալ մասը ներքաշեց քաղաքացիական պատերազմի մեջ, այդ գործի վրա բազմաթիվ մարդկանց թաղեցին, թշնամացրեցին երկու ժողովուրդներին, իսկ սայլը դեռ տեղից չի շարժվել։ Ես ուղղակի տեսել եմ, թե ինչ է այնտեղ մնացել, այդ պատերազմի ընթացքում, ու ես մտածում էի, որ նման հարցերը չեն լուծվում ռազմի դաշտում։
Թեև, անկեղծ լինեմ, ինձ համար դա անհասկանալի է։ Ժողովուրդների իրավունքը պետք է առաջնահերթություն լինի, որովհետև անհատի իրավունքները պետք է ավելի սուրբ լինեն, քան պետության իրավունքները։ Եթե պետությունն անհատին բռնում է կոկորդից, և այդ անհատները կենդանի թաղվում են, ինչպես Սումգայթիում, ապա կորչի Լեռնային Ղարաբաղը։