Սևանի աղբահավաքները երկու օր է՝ աշխատանքի դուրս չեն գալիս։ Մոտ երկու տասնյակ մարդ՝ բանվորներ, վարորդներ, «գործ անողներ», հավաքվում ն քաղաքապետարանի կոմունալ բաժնում` պահանջելով վերադարձնել անցյալ տարվա աշխատավարձի պարտքերը, որոնք կազմում են մոտ 1 մլն 700 հազար դրամ, և բարձրացնել ներկայիս խղճուկ վարձատրության չափը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Առաջին օրը նրանք գնացել են բաժնի պետ Մերուժան Թովմասյանի մոտ։ «70 հազար դրամ ենք ստանում,- գանգատվել է նրանցից մեկը,- դրանով չենք կարում ընտանիք պահենք։ Ասում եմ՝ աշխատավարձը բարձրացրու, բաժնի պետը ձեռքը բարձրացնում, ասում ա՝ «առը ձեզի աշխատավարձ»։ Դա ղեկավարի շնո՞րհք ա, ղեկավարի ասելու բա՞ն ա»։
Բանվորները դժգոհում էին նաև աշխատանքային պայմաններից, այն բանից, որ իրենց հատուկ համազգեստ չեն տալիս, և «լյուկերը» բացելիս խեղդվում են գարշահոտությունից։ «Առավոտյան 5-ին, երբ շեֆերը դեռ քնած են, հելնում ենք, «ժեխերն» ենք դատարկում, որ մարդիկ մաքուր քաղաքում արթնանան, բայց մի ձեռնոցն ի՞նչ է, որ ափսոսում են տալ»,- թերթի հետ զրույցում ասել է աղբահաններից մեկը։
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը տեղյակ էր գործադուլից, սակայն թերթի թղթակցի հարցին՝ ինչու չեն բարձրացնում աշխատավարձը, պատասխանել է․ «Ես էլ եմ խնդրում, որ իմ աշխատավարձը բարձրացնեն, բայց հնարավորություն պետք է լինի»։
Հարցին՝ «Հիշում ե՞ք, երբ Դուք դեռ չէիք ընտրվել քաղաքապետ, ասում էիք, որ քաղաքը կեղտոտ է, որ աղբահանությունը պետք է բարելավեք։ Հիմա գո՞հ եք», Ղուկասյանը պատասխանել է, որ, իհարկե, գոհ է։ «Էս մի օրն է, որ չեն աշխատում։ Աշխատավարձի համար։ Մնացած ժամանակ գոհ եմ»։
«Եթե վաղը նորից դուրս չգան գործի, հետո ի՞նչ եք անելու» հարցից հետո քաղաքապետը անջատել է հեռախոսը։
Երեկ փոխքաղաքապետը գնացել է աղբահավաքների հետ բանակցությունների։ Խնդրել է նրանց դուրս գալ գործի՝ խոսք տալով, որ աստիճանաբար կվճարեն աշխատավարձերը։ Աղբահավաքները պատասխանել են՝ «ոչ»», եզրափակում է «Հրապարակը»։